Հոկտեմբերի 13-16 Երևանում անցկացվում է Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով, որը կազմակերպել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Ֆորումի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Աբրահամյանը հայտնել է, որ Երևան են ժամանել մի շարք հայտնի ընկերություններ, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել Հայաստանում:

-Վերջին 5 ամսվա ընթացքում բավական շատ մարդկանց հետ հանդիպեցինք, քննարկումներ ունեցանք և կազմակերպեցինք այս ֆորումը: Այժմ Երևանում են տարբեր ընկերությունների տնօրեններ, որոնց մասին առաջիկա երկու օրերի ընթացքում կլսեք, ժամանակից առաջ չընկնենք,- ասել է Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի կազմակերպիչը:

Ասուլիսի մյուս բանախոս, Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի խոսքով՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ից ապրանքների արտահանումը յոթանասուն տոկոսով մեծացել է, որը, ըստ նրա, բավական տպավորիչ ցուցանիշ է: Նրա կարծիքով՝ Հայաստանը ոչ միայն ԵԱՏՄ անդամ է, այլ նաև դարձել է Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների կենտրոն:

-Ես հավատում եմ Արա Աբրահամյանի այն խոսքին, որ Հայաստանը կդառնա Եվրասիական ինտեգրացիայի կենտրոն: Չնայած Հայաստանն արդեն դարձել է այդ կենտրոնը: Մենք կցանկանայինք այս համաժողովի ընթացքում լսել բիզնես ներկայացուցիչների առաջարկությունները, քանի որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ-ի առջև խնդիր է դրված բիզնեսի համար լավ պայմաններ ստեղծել: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել համաժողովի կազմակերպիչներին,- նշել է Գլազևը:

Համաժողովին մասնակցում է նաև Շանհայի եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի նախագահ, Չինաստանի եվրոպական ուսումնասիրությունների կազմակերպության փոխնախագահ Դոկտոր Քսյու Մինգքը, ով ընդգծել է, որ Հայաստանը և Չինաստանը կարող են ունենալ համագործակցության լայն շրջանակ:

-Շնորհակալություն եմ ուզում հայտնել Արա Աբրահամյանին այսպիսի հետաքրքիր ֆորումի հրավիրելու համար: Վերջին ժամանակներում Չինաստանի և ԵԱՏՄ երկրների միջև համագործակցությունը ավելի է զարգացել: Կարող եմ ասել, որ Չինաստանը այս տարածաշրջանում, իսկապես, ակնկալում է նոր ներդումայյին համագործակցություն,- ասել է Մինգքը:

Չինաստանի ներկայացուցիչը խոսել է նաև Նոր Մետաքսի ճանապարհի մասին: Քսյու Մինգքի խոսքով՝ այս ծրագրի իրականացման համար Եվրասիական տնտեսական միությունը  շատ կարևոր դեր ունի: Նա հատկապես կարևորել է Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ նշելով, որ այն ռազմավարական առումով մեծ նշանակություն ունի: