Տոկիոյի վարչակազմը մտադիր է օգոստոսից մայրաքաղաքի բոլոր գերատեսչություններում ներդնել չաթ-բոթ՝ ChatGPT արհեստական բանականության հիման վրա։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն։

«[ChatGPT]-ի օգտագործումը կսկսվի օգոստոսից բոլոր գերատեսչություններում,- նահանգապետի խոսքերը մեջբերել է Kyodo գործակալությունը։- Մենք մտադիր ենք դրա կիրառումն իրականացնել մի շարք վարչական ոլորտներում»։ Կոիկեի խոսքով, ChatGPT-ը կգործի տեղի բնակչության համար փաստաթղթեր կազմելիս, տեղեկատվական թերթիկներ պատրաստելիս։

Մինչ այդ Ճապոնիայի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարար Տակեակի Մացումոտոն հայտարարել էր ChatGPT-ը իր գերատեսչության ամենօրյա գործունեությունում փորձարկելու մտադրության մասին։ Տնտեսական անվտանգության նախարար Սանաե Տակաիտին նշել էր, որ տեղի իշխանությունները մտադիր չեն անհապաղ արգելել կամ ինչ-որ այլ կերպ արձագանքել ChatGPT-ի օգտագործմանը։

Ամերիկյան OpenAI ընկերության ChatGPT-ն թողարկվել է 2022թ. վերջին։ Այն փոխգործակցում է օգտատիրոջ հետ երկխոսության ռեժիմով։ Չաթ-բոթը կարող է պատասխանել լրացուցիչ հարցերի, ընդունել իր սխալները, վիճարկել ոչ ճիշտ նախադրյալները եւ մերժել անտեղի հարցապնդումները։ Սերվիսի հնարավորություններն արժանացել են սեւեռուն ուշադրության։ Նորույթը քննադատության է արժանացել այն բանից հետո, երբ այն օգտագործել էին տարբեր երկրների ուսանողները քննությունները հանձնելու համար։