2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ է, այս տարիների ընթացքում միության անդամ երկրների օրենսդրությունը համապատասխանեցվել է ԵԱՏՄ օրենքներին: Սակայն իրավական ոլորտում դեռևս չլուծված խնդիրներ կան: ՌԴ-ում կապի միջոցներին տրվող սերտիֆիկատների ոլորտում գործում է դեռևս ներքին օրենսդրությունը և այն չի համապատասխանում ԵԱՏՄ օրենքներին: Այն ռուսական շուկա մուտք գործելու համար որոշակի խնդիրներ է առաջացնում գործարարների շրջանում: Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը, որը կոչված է նաև այդ խնդիրները վեր հանելուն և դրանց լուծումներ տալուն, հաճախակի հանդիպումներ է կազմակերպում հայ գործարարների և ՌԴ պետական մարմինների ներկայացուցիչների հետ:
«Քանի որ մենք Ազատ տնտեսական գոտում ենք, ապա այսօր մեր կողմից արտադրված որոշ ապրանքների համար անհրաժեշտ են սերտիֆիկատներ: Չորս սերտիֆիկատից երեքը, որոնք ստանում ենք Հայաստանում, ՌԴ-ն ընդունում է, մեկը՝ ոչ: Այդ մեկ սերտիֆիկատի ստանալը դարձել է խնդիր: Արդեն 10 ամիս է մենք այդ հարցով ենք զբաղվում, սակայն խնդիրն այդպես էլ չի լուծվում: Ամենացավալին այն է, որ ՌԴ-ից ստացվող նամակները միայն ռուսական օրենքների բացատրությունն է: Արդեն մի քանի տասնյակ նամակ ենք ստացել, որոնցից ոչ մեկը ցույց չի տալիս հարցի ռեալ լուծման ճանապարհը»,-ասում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության տնօրեն Վահան Շաքարյանը:
Նրա համար անհասկանալի է, թե ինչպես կարող է ԵԱՏՄ տարածքում Հայաստանի կողմից տրվող երեք սերտիֆիկատն ընդունվի, իսկ չորրորդը՝ ոչ:
«Նրանք պատճառաբանում են հետևյալ կերպ՝ պետք է ռուսաստանյան կազմակերպույթուն լինել, այնտեղ գրասենյակ բացել, աշխատողներ ընդունել, սպասել 6 ամիս, հետո դիմել սերտիֆիկատ ստանալու համար: Մեր աշխատանքի մեջ դա հնարավոր չի, մենք կարիք չունենք Ռուսաստանում գրասենյակ բացելու, 5 հոգի աշխատող պահելու և 6 ամիս սպասելու, որպեսզի մեր ապրանքն իրավունք ստանա մուտք գործել Ռուսաստան»,- շեշտեց պարոն Շաքարյանը:
Հարցը փորձել են կարգավորել ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի և կապի նախարարության միջոցով, սակայն Շաքարյանի խոսքով, խնդիրը Հայաստանի մեջ չէ, այլ՝ ՌԴ օրենքի:
Գործարարը հարցի լուծման իր տարբերակն է նշում. «Այն կազմակերպությունը, որը զբաղվում է այդ սերտիֆիկատների տրամադրմամբ, պետք է գա Հայաստան և համապատասխան սերտիֆիկացիա անցկացնի հայաստանյան ընկերություններում, որոնք կբավարարեն իրենց պահանջներին »:
Սակայն գործարարն արդարացիորեն նկատում է, որ այն հարցերը, որոնք գտնվում է ՌԴ Առևտրի և արդյունաբերության նախարար Մանտուրովի անմիջական վերահսկողության և լիազորությունների դաշտում, հանդիպումներից հետո անմիջապես կարգավորվել են:
«Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում նախարար Մանտուրովի հետ հանդիպումից հետո հանձնարարականներ է տրվել, որպեսզի հայ գործարարների կողմից բարձրացված հարցերը հնարավորինս արագ լուծվեն: Այդ հարցում խնդիր չունենք, քանի որ պարոն Մանտուրովը խիստ վերահսկողություն է իրականացրել: Նրա կարգադրությամբ այս տարվա սկզբին կազմակերպվեց հանդիպում շուրջ 12 գործարարի հետ: Պետք է նշեմ, որ Մանտուրովի նախարարության հետ աշխատանքները շատ լավ և հստակ են ընթանում: Այսինքն կան կոնկրետ աշխատանքներ, ուղղություններ, համապատասխան աշխատանքի բաժանում, անմիջական կապ, այդ առումով ամեն ինչ շատ լավ է»,-ասաց պարոն Շաքարյանը: