Ինստիտուտներ, համակարգեր ստեղծելը մեր խնդիրն է. կարծում եմ՝ այսօրվանից մենք պետք է մեր ֆերմերների հետ աշխատենք եւ խաղաղագործներին մենք պետք է մղենք միավորվել իրար հետ եւ ձեւավորել ասոցիացիա, կազմակերպություն, որպեսզի իրենք այսօրվանից կարողանան հաջորդ տարվա համար բանակցել մթերողների հետ եւ անհրաժեշտության դեպքում հարցեր բարձրացնել կառավարության առջեւ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետեւ ամեն անգամ գալ օգոստոսի վերջին ասել, որ խաղողի մթերման խնդիր կա, ճիշտ չէ: Նաեւ այնքան էլ ճիշտ չէ, երբ կառավարությունը գնում, ասում է՝ այսքանով պետք է մթերեք, խնդրում է կամ պահանջում է: Դա իրականում խաղաղ արտադրողների եւ մթերողների բանակցությունների կարգավորման հարց է: Իհարկե, այդտեղ կան նրբություններ շուկայի կարգավորման առումով: Ես չեմ ասում, որ կառավարությունը շուկայի կարգավորման գործառույթ չունի, ես ասում եմ, որ այդ գործառույթը պետք է լիննի մաքսիմալ արդյունավետ»,-ասաց նա:

Իր հերթին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ շատ զարգացած երկրներում գյուղացիները միավորվում են ասոցիացիաների մեջ եւ մթերման գինը որոշվում է այդ ասոցիացիաների եւ մթերող ընկերությունների բանակցությունների արդյունքում: Այսինքն բանակցում են հավասարազոր ուժեր, ոչ թե մեծ մթերող ընկերությունը եւ փոքր անհատ գյուղացին: «Այդ բանակցությունների արդյունքում ձեւավորվում է ավելի արդար գին»,-ասաց նա: