ԱՄՆ-ում տղամարդ է ձերբակալվել՝ Apple-ի ժամացույցի միջոցով իր ընկերուհուն լրտեսելու համար։ Այս մասին հայտնում է տեղական WSMV4 հեռուստաալիքը։

Թենեսի նահանգի ոստիկանությունը տղամարդու է ձերբակալել, ով Apple Watch-ի միջոցով հետեւել է իր նախկին ընկերուհուն։ Հարցաքննության ժամանակ ամբաստանյալը խոստովանել է, որ տուժածի ավտոմեքենայի ղեկին խելացի գաջեթ է ամրացրել, ապա հատուկ հավելվածի միջոցով հետեւել է ավտոմեքենայի տեղաշարժին։

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 29-ամյա Լոուրենս Ուելչն իր ընկերուհու տեղաշարժին հետեւելու համար օգտագործել է Life360 հավելվածը: Ինչպես նշվում է, աղջիկը գտել է Apple Watch-ն իր ավտոմեքենայի մեջ եւ անջատել է ակտիվությանը հետեւելու գործառույթը։ Երբ Ուելչը նկատել է դա, անմիջապես կապվել է աղջկա հետ։ Վերջինս հավաստիացնում է, որ տղամարդը պահանջել է միացնել հետեւելու գործառույթը եւ սպառնացել է հաշվեհարդարով։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թենեսիի 29-ամյա բնակիչը հաշվառված էր ոստիկանությունում։ 2021 թվականին նա հայտնվել էր ճաղերի հետեւում ընտանեկան բռնության երկու դրվագներից հետո, որոնցում նրան մեղադրել էր տղամադրու ընկերուհին: