ՕՊԵԿ-ը եւ դրա դաշնակիցները, որոնք ձեւավորել են ՕՊԵԿ+ կազմակերպությունը, համաձայնել են հավատարիմ մնալ դեկտեմբերից սկսած նավթի արդյունահանումն օրական 400.000 բարելով ավելացնելու պլաններին՝ չնայած ԱՄՆ-ի կողմից նավթի գների աճի զսպմանն ուղղված լրացուցիչ մատակարարումների պահանջներին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Սպիտակ տունը հայտնել է, որ Վաշինգտոնը կդիտարկի իր տրամադրության տակ եղած գործիքների ամբողջ սպեկտրը՝ ապահովելու համար, որպեսզի մատչելի էներգառեսուրսները հասանելի լինեն երկրի համար:

Բոլոր նավթ արտադրողները տուժել են եկամուտների անկումից COVID-19 համավարակի ժամանակ, եւ քանի որ համաշխարհային տնտեսության մեջ պահանջարկը վերականգնվել է, դա նրանց թույլ է տվել վերականգնել իրենց տնտեսությունների աճը: Նավթի մատակարարման սահմանափակումը, որը համաձայնեցվել էր ՕՊԵԿ+-ի անդամների կողմից, խթան հանդիսացավ գների աճի ընթացքում, ինչի արդյունքում Brent տեսակի նավթի գինը հասավ երեք տարվա առավելագույնի՝ 86.70 դոլարի։

ՕՊԵԿ-ի ամենախոշոր արտադրողը՝ Սաուդյան Արաբիան, մերժել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության եւ դրա դաշնակիցների (ՕՊԵԿ+) կոչերը՝ նավթի մատակարարումների ավելի արագ աճի վերաբերյալ՝ պատճառաբանելով «տնտեսական խոչընդոտները»:

Աղբյուրներն ՕՊԵԿ+-ում նշում են, որ Միացյալ Նահանգները բավարար հնարավորություններ ունեն սեփական նավթի արդյունահանումն ավելացնելու համար, եթե կարծում են, որ համաշխարհային տնտեսությունն ավելի շատ նավթի կարիք ունի: Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանն ավելի ու ավելի են վստահ լինում, որ ավելի բարձր գները ԱՄՆ-ում թերթաքարային գազի արդյունահանման արագ աճի չեն հանգեցնի:

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը հայտարարել է, որ արտադրողները մտահոգված են համավարակի դեմ պայքարում հնարավոր նոր ձախողումներով եւ տնտեսության վերականգնման հետագա արագությամբ։ Նրա խոսքով՝ նավթի պաշարները 2021 թվականի վերջին-2022 թվականի սկզբին «վիթխարի կերպով» կաճեն՝ պահանջարկի դանդաղման պատճառով։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ օգոստոսից սկսած ՕՊԵԿ-ն արդեն ավելացրել է օրական 2 մլն բարել համաշխարհային մատակարարումներին եւ կշարունակի իրականացնել ամսական եւս 400 հազար բարել օրական ավելացնելու իր ծրագիրը մինչեւ 2021 թվականի վերջը եւ 2022 թվականի առաջին ամիսներին։ «Հոկտեմբերին Եվրամիությունում նավթի պահանջարկի անկման որոշ նշաններ կան: Նավթի համաշխարհային պահանջարկը դեռեւս գտնվում է «Դելտա» շտամի ճնշման տակ»,- ասել է Նովակը` բացատրելով, թե ինչու ՕՊԵԿ +-ը որոշեց չավելացնել արդյունահանումը:

Նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը կոչ է արել G20-ի հիմնական էներգիա արտադրող երկրներին, որոնք ազատ կարողություններ ունեն, խթանել արտադրությունը՝ համաշխարհային տնտեսության վերականգնումն ապահովելու համար:

«ՕՊԵԿ +-ը կարծես թե չի ցանկանում օգտագործել իր հնարավորություններն ու կարողությունները աշխարհի երկրների համար գլոբալ վերականգնման այս կրիտիկական պահին», – ասել է Սպիտակ տան պաշտոնյան: «Նախագահը կարծում է, որ ամերիկացիները պետք է մատչելի էներգիայի հասանելիություն ունենան, եւ մեզ հանձնարարել է շարունակել շուկաների մոնիտորինգը եւ պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում օգտագործել բոլոր գործիքները»: