Սալվադորն իր բիթքոիններից ստացած շահույթի մի մասն օգտագործում է երկրում 20 դպրոցների ֆինանսավորման համար:

Սալվադորը վերջերս գնել է եւս 420 բիթքոին այն բանից հետո, երբ մետաղադրամը իջել է 59 000 դոլարից ցածր, որի հետեւանքով նրա ընդհանուր պահուստները հասել են 1120 բիթքոինի, որոնք այժմ արժեն մոտ 69 միլիոն դոլար՝ ընթացիկ գնով:

«Ես ուզում եմ հայտարարել, որ այն մի քանի միլիոնով, որը մեզ մնացել է բիթքոինից ստացած շահույթից, մենք պատրաստվում ենք կառուցել առաջին 20 լիովին հագեցած եւ ժամանակակից դպրոցները»,- Casa Presidencial-ի Twitter-ում ասել է նախագահ Նայիբ Բուկելեն: «Ամենազավեշտալին այն է, որ ընդդիմությունը դեմ էր բիթքոինի մասին օրենքին եւ դեմ էր բիթքոիններ գնելուն»,- ասել է Բուկելեն: «Փառք Աստծո, մենք նրանց վրա ուշադրություն չդարձրինք, իսկ շահույթը շատերին օգնություն կբերի»։

Արժույթի միջազգային հիմնադրամը եղել է մի շարք այն կազմակերպությունների թվում, որոնք քննադատել են սեպտեմբերին բիթքոինը օրինական վճարման միջոց դարձնելու Սալվադորի որոշումը: Հունիսին ԱՄՀ-ն հայտարարել է, որ վախենում է «մակրոտնտեսական, ֆինանսական եւ իրավական խնդիրներից», որոնք կարող են այս որոշման հետեւանք լինել: