Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը կարևոր իրադարձություն է, համաժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսական արտահանման կենտրոնի ղեկավար Պյոտր Ֆրադկովը։

«Հայաստանի հետ համագործակցելով փոխադարձ մատակարարումների ոլորտում՝ մենք շահագրգռված ենք, որ այդ համագործակցությունը շարունակական լինի, մեզ համար կարևոր է հայկական շուկա գյուղտեխնիկա և քաղաքային տեխնիկա մատակարարելը, ինչպես նաև Հայաստանում ծառայությունների կենտրոնի զարգացումը՝ վերանորոգման և այլ բնույթի ծառայություններ իրականացնելու նպատակով։ Ինչպես տեսնում եք, բավական մեծ օրակարգ է»,-ասել է Ֆրադկովը և հավելել, որ իրենց գործընկերները պետք է հասկանան՝ Հայաստանի ո՛ր մարզերում է կարելի նման կենտրոններ ստեղծել, որից հետո ֆինանսավորման որոշակի թվային արժեք կորոշվի։

«Մեր նպատակը համապատասխան ֆինանսական ռեսուրսով ապահովելն է և մենք դա կանենք»,-ասել է նա։ Անդրադառնալով իրենց հնարավոր ներգրավվածությանը Հայաստան-Իրան սահմանագծին՝ Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտու աշխատանքներին, նա նշել է, որ գործընթացին մասնակից լինելն իրենց հետաքրքրությունների շրջանակներում է։

«Ազատ տնտեսական գոտու թեման մեզ համար շատ հետաքրքրական է, այդ նպատակով մենք արդեն Արա Աբրահամյանի գլխավորած «Согласие» ընկերության հետ համագործակցության փաստաթուղթ ենք ստորագրել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք բազմակողմանի համագործակցություն ենք իրականացնում՝ ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի միջև, մեզ համար ազատ տնտեսական գոտին լավ հնարավորություն է ընձեռում դուրս գալու Իրանի տնտեսական շուկա։ Ցանկանում ենք օգտագործել ազատ տնտեսական գոտու ստեղծած հնարավորությունը՝ ներդրումներ կատարելու, ռուսական արտադրանքը ներկայացնելու համար։ Առայժմ դա մտադրություն է, բայց մենք հաստատում ենք, որ հետաքրքրված ենք այդ գոտում աշխատելու ուղղությամբ»,-նշել է նա։

Անդրադառնալով ԱՏԳ-ում ներդրումների հնարավոր ֆինանսական չափին, նա ասել է, որ դա կախված է կոնկրետ պայմանավորվածություններից։

«Մենք առավելագույնս կաջակցենք այն ընկերություններին, որոնք շահագրգռված կլինեն ազատ տնտեսական գոտում ներկայությամբ»,-եզրափակել է Ֆրադկովը։