Նոյեմբերի 17-ին կայացած աճուրդում Եվրոպայում գազը նախորդ փակման համեմատ աճել է եւ ավելացել 5 տոկոսով։

ICE բորսայի տվյալներով՝ գազի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը հոլանդական TTF ինդեքսի համաձայն գերազանցել է 1150 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց։ Առեւտրի բացման ժամանակ գինը հազար խորանարդ մետրի դիմաց կազմում էր 1133,4 դոլար, եւ շուտով աճել է մինչեւ 1166 դոլար։

Ընդհանուր առմամբ երեք առեւտրային օրվա ընթացքում հաշվարկային գինն աճել է ավելի քան 20 տոկոսով: Գների կտրուկ աճի պատճառ է դարձել Գերմանիայի որոշումը, որն է՝ դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի սերտիֆիկացումը։ Այս որոշումն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ  նախագծի շվեյցարական օպերատորը չի ստեղծել դուստր ձեռնարկություն՝ գերմանական հատվածը շահագործելու համար։

Ինչպես նշել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի էկոնոմիկայի նախարար Սվեն Շուլցեն, գազատարի սերտիֆիկացումը դադարեցնելու որոշումը սպառնում է վնասներով  եւ թանկացումներով։