Երևանում մեկնարկել է Եվրասիական գործընկերության երրորդ միջազգային համաժողովը: Համաժողովին ելույթ է ունեցել Ռուսաստանի հայերի միության նախագահ, Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի համակարգող կոմիտեի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը: Ելույթը ստորև՝ ամբողջությամբ.

«Բարի օր, սիրելի բարեկամներ.

Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում, Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովի շրջանակներում:

Համաժողովի կազմակերպիչների և անձամբ իմ անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության նախարարությանը, և անձամբ նախարարին՝ Դենիս Մանտուրովին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը, ի դեմ Տիգրան Սարգսյանի՝ արդյունավետ  համագործակցության համար, որի շնորհիվ մենք այս լայնածավալ միջոցառումն անցկացնում ենք երրորդ տարին անընդմեջ:

Մեր Համաժողովին աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանի կառավարությանը:

Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանին, ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարության հարգելի անդամներին:

Այս սրահում ուրախ եմ տեսնել ինչպես մեր հին ընկերներին, այնպես էլ Համաժողովի նոր մասնակիցներին: Միաժամանակ պետք է փաստեմ, որ դժվար է պատկերացնել Համաժողովն առանց Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդականի՝ Սերգեյ Գլազևի:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև «ՌՈՍՏԵԽ» կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովին և հիշյալ կազմակերպության աշխատակիցներին, ովքեր առաջին իսկ օրվանից Համաժողովի աշխատանքներին ցուցաբերում են ակտիվ մասնակցություն:

Ողջունում եմ Մոսկվայի կառավարության նախարար Վլադիմիր Պետրոսյանին:

Մեր միջոցառման այսօրվա մասնակիցներից շատերը Հայաստանում առաջին անգամ են, մասնավորապես իմ ընկեր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին, ով, որպես Նյու Յորքի նախկին քաղաքապետ, հստակ գիտակցում է, թե տնտեսությունն ու ներդրումներն ինչ նշանակալի տեղ են զբաղեցնում կառավարման կառուցվածքում:

Երկու օր առաջ Երևանը դարձավ երկու հազար ութ հարյուր տարեկան: Երևանի համար հոկտեմբեր ամիսը լի էր գունեղ իրադարձություններով, որոնց թվում էր նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը: Գագաթաժողովում շատ կարևոր տեղ զբաղեցրեց գործարար ֆորումը, որն անդրադարձավ տնտեսական ինտեգրման արդի հիմնախնդիրներին: Մեր այսօրվա միջոցառումը նմանապես վերաբերում է տնտեսական ինտեգրմանը, առանց որի ժամանակակից աշխարհը դժվար է պատկերացնել:

Հարկ է նշել, որ Եվրասիական տնտեսական միությունը, որի ծրագրերն ու նախաձեռնությունները մենք խթանում ենք այս Համաժողովում, ներկայումս հանդիսանում է ամենահաջողված ինտեգրացիոն նախագծերից մեկը, որն ունակ է տնտեսական կապերի շնորհիվ նպաստել բնակչության բարեկեցության բարձրացմանը, Միության մշակութային, պատմական և սոցիալական ընդհանրության պահպանմանը։

Սիրելի բարեկամներ.

Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ մեր Համաժողովի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում է: Համաժողովի մասնակիցների թիվը կրկնապատկվել է, աշխարհագրությունը՝ ընդլայնվել, և ես վստահ եմ, որ դրա արդյունքները կգերազանցեն մեր ակնկալիքները և կլինեն ոչ պակաս կարևոր, քան նախորդ տարի: Հիշեցնեմ, որ 2017-ին, Համաժողովի արդյունքում ստորագրվեց համագործակցության տասներկու համաձայնագիր, այդ թվում՝ Իրանի հետ սահմանամեձ Ազատ տնտեսական գոտու վերաբերյալ։

Եվրասիական համագործակցության միջազգային Համաժողովի կարևոր առանձնահատկությունն այն է, որ այն մշտական բնույթ է կրում և սահմանափակված չէ Հայաստանում անցկացվող օրերով: Համաժողովի գրասենյակները գործում են ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում, և հավանաբար,  արժե մտածել Եվրասիական տնտեսական միության բոլոր մայրաքաղաքներում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում Համաժողովի ներկայացուցչություններ ունենալու ուղղությամբ:

Միաժամանակ, նպատակահարմար եմ գտնում ստեղծել Եվրասիական տնտեսական միության երկրների գործարարների ակումբային համակարգ, գործարար համայնքների միջև հորիզոնական կապերի ընդլայնման և ներդրումների ներգրավման նպատակով:

Հարգելի ընկերներ.

Այն, որ այս տարի մեր Համաժողովի աշխատանքը համակցված է Եվրասիական տնտեսական շաբաթվա միջոցառումների հետ, անկասկած, ընդլայնում է արդյունավետ երկխոսության հնարավորությունը բիզնեսի և ազգային ու վերազգային համակարգող կառույցների միջև:

Հատկանշական է, որ հարյուր ութսուն միլիոնանոց հարյուր ութսուն միլիոնանոց շուկայի հսկայական ներուժը մեծ հետաքրքրություն է առաջացնում: Գործարար համագործակցության մեր փորձը ցույց է տալիս, որ արտաքին գործընկերները ինչպես Եվրամիությունից, ում հետ Հայաստանն ունի լայնածավալ համագործակցության վերաբերյալ համաձայնություն, այնպես էլ աշխարհի այլ երկրներից, շահագրգռված են զարգացնել տնտեսական կապերը Եվրասիական տնտեսական միության հետ:

Առևտրի և ձեռնարկատիրության հարուստ ավանդույթները, հարկային և մաքսային որոշակի առավելությունները, Հայաստանն այսօր դարձնում են Եվրասիական տնտեսական միության էներգետիկ խաչմերուկ:

Հարգելի գործընկերներ.

Բիզնեսը, ինչպես գիտեք, սիրում է կայունություն: Ներդրումներ են արվում այնտեղ, որտեղ կա պլանավորման հստակ հորիզոն:

Այսօր աշխարհում տնտեսական զարգացման համար կուտակվել են բազմաթիվ խոչընդոտներ. Եվրասիական տարածքը բացառություն չէ:

Հայաստանի համար դա տրանսպորտային շրջափակումն է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, ինչը միջազգային իրավական բոլոր նորմերի խախտում է:

Համոզված եմ, որ տնտեսությունը՝ համադրված կանխատեսելի և կայուն քաղաքականության հետ, միավորում է ավելի հուսալի, քան ցանկացած այլ նախաձեռնություն:

Եվրասիական միության համար տնտեսական ինտեգրումը կարող է դառնալ հենց այն ուժը, որը կկարողանա պաշտպանել ողջ օրգանիզմը, և ներդրումային ծրագրերի ու նոր գաղափարների ներհոսքի միջոցով բացահայտելով նաև նոր հնարավորություններ, Եվրասիան դարձնել ծաղկուն տարածաշրջան:

Այսօր մենք տեսնում ենք ԵԱՏՄ ներքին շուկայի դինամիկան, բայց միաժամանակ հասկանում ենք, որ ԵԱՏՄ երկրների ներուժը դեռևս լիովին օգտագործված չէ:

Ավելին, այս ներուժը շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք այսօր: Իսկ ԵԱՏՄ-ի յուրաքանչյուր անդամ երկրի աշխարհաքաղաքական դիրքը լրացուցիչ առավելություններ է տալիս ընդլայնելու Եվրասիական տնտեսական համագործակցությունը հարևան երկրների, այդ թվում՝ համաշխարհային շուկայի գլոբալ և տարածաշրջանային մասնակիցների հետ։

Եվ կարծում եմ, որ հենց այս գաղափարի գիտակցումն է, որն այսօր այստեղ է բերել բիզնեսի ներկայացուցիչներ մի շարք այն  երկրներից, որոնք ԵԱՏՄ անդամ չեն, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իրանը, Հնդկաստանը և այլն:

Հայաստանը ԵԱՏՄ-ի երկրներից ամենափոքրն է, բայց նույնիսկ նման փոքր երկիրը դառնում է հսկայական, և նրա հնարավորությունները բազմապատկվում են, եթե հաշվի առնենք հայկական սփյուռքի ներուժը:

Ցանկանում եմ ընդգծել, որ այս տարի առաջին անգամ մեր Համաժողովի շրջանակներում կանցկացվի գիտական նստաշրջան՝ աշխարհահռչակ սփյուռքահայ գիտնականների մասնակցությամբ: Համոզված եմ, որ այն զեկույցները և գիտական հետազոտությունները, որոնք կներկայացվեն ինչպես այս, այնպես և մեր համաժողովի այլ նստաշրջաններում, հետաքրքրությամբ կընդունվեն ձեռներեցների և բիզնես-ընկերակցության այլ ներկայացուցիչների կողմից:

Հավաստիացնում եմ, որ համագործակցության հնարավորությունները իրոք շատ մեծ են:

Իսկ «ԵԱՏՄ երկրների տեխնոլոգիական առաջընթացի և պոտենցիալ հնարավորությունների բացահայտման» հաջողությունը, որին նվիրված է մեր Համաժողովը, մեծապես կախված է այսօր այս դահլիճում բոլոր ներկա գտնվողներից:

Մաղթում եմ բոլորիս հաջողություն այս աշխատանքում և շնորհակալություն ուշադրության համար»: