Պետական եկամուտների կոմիտեում անցկացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային կարգավորման խորհրդակցական կոմիտեի մաքսային արժեքի հարցերով փորձագիտական խմբի նիստը` ԵՏՀ և միության անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննարկվել են մաքսային արժեքի հայտարարագրի ներկայացման և դրա լրացման կարգի պարզեցմանն ուղղված հարցեր: Փորձագետներն անդրադարձել են նաև մաքսային արժեքի հսկողության առանձնահատկություններին: ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Հրանտ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ բոլոր երկրների ներկայացուցիչները համակարծիք են, որ անհրաժեշտ է հստակեցնել մաքսային արժեքի հայտարարագրի ներկայացման դեպքերը և հնարավորին չափ պարզեցնել դրանց լրացման ընթացակարգը տնտեսվարող սուբյեկտների համար:

Ներկայում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը պարտավոր է ապրանքների հայտարարագրի հետ միասին մաքսային մարմին ներկայացնել մաքսային արժեքի հայտարարագիր: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Ելենա Բրիչովայի խոսքով՝ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից նոր որոշումներ ընդունելու անհրաժշետություն է առաջացել, այդ թվում մաքսային արժեքի հսկողության հետ կապված:

Հանդիպումների արդյունքում ձեռքբերված համատեղ լուծումները կնպաստեն մաքսային ձևակերպումների պարզեցմանը, ապրանքների հայտարարագրման համար ծախսվող ժամանակահատվածի կրճատմանը:

Աղբյուրը՝  http://vesti.am/archives/98101?lang=am