ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Համաժողովի նախաձեոնող և համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանի ողջույնի խոսքը

ara_abrahamyan

Բարև Ձեզ, հարգելի´ ընկերներ:

Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում, Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովի շրջանակներում:

Համաժողովի կազմակերպիչների և անձամբ իմ անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության նախարարությանը, և անձամբ նախարարին՝ Դենիս Մանտուրովին, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը` ի դեմս Տիգրան Սարգսյանի, արդյունավետ  համագործակցության համար, որի շնորհիվ մենք այս լայնածավալ միջոցառումն անցկացնում ենք երրորդ տարին անընդմեջ:

Հարկ է նշել, որ Եվրասիական տնտեսական միությունը, որի ծրագրերն ու նախաձեռնությունները մենք խթանում ենք այս համաժողովում, ներկայումս հանդիսանում է ամենահաջողված ինտեգրացիոն նախագծերից մեկը, որն ուղղված է բնակչության բարեկեցության բարձրացմանը, ԵՏՄ մշակութային, պատմական և սոցիալական ընդհանրության պահպանմանը։

Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ մեր համաժողովի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում է: Համաժողովի մասնակիցների թիվը կրկնապատկվել է, աշխարհագրությունն՝ ընդլայնվել, և ես վստահ եմ, որ նրա արդյունքները կգերազանցեն մեր ակնկալիքները և կլինեն ոչ պակաս նշանակալից, քան նախորդ տարի: Հիշեցնեմ, որ 2017թ-ին, համաժողովի արդյունքում ստորագրվեցին տասներկու համագործակցության համաձայնագրեր, այդ թվում՝ Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտու վերաբերյալ։

Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովի կարևոր առանձնահատկությունն այն է, որ այն մշտական ​​է և սահմանափակված չէ Հայաստանում անցկացվող օրերով: Համաժողովի գրասենյակները գործում են ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում, և հավանաբար  արժե մտածել Եվրասիական տնտեսական միության բոլոր մայրաքաղաքներում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում համաժողովի ներկայացուցչություններ ունենալու ուղղությամբ:

Միաժամանակ, նպատակահարմար եմ գտնում ստեղծել Եվրասիական տնտեսական միության երկրների գործարարների ակումբային համակարգ գործարար համայնքների միջև հորիզոնական կապերի ընդլայնման և ներդրումների ներգրավման նպատակով:

Այն, որ այս տարի մեր համաժողովի աշխատանքը համակցված է Եվրասիական տնտեսական շաբաթվա միջոցառումների հետ, անկասկած, կընդլայնի արդյունավետ երկխոսության հնարավորությունը բիզնեսի, ազգային և վերազգային համակարգողների միջև:

Հատկանշական է, որ հարյուր ութսուն միլիոնանոց շուկայի հսկայական ներուժը մեծ հետաքրքրություն է առաջացնում: Արտաքին գործընկերները ինչպես Եվրամիությունից, այնպես էլ այլ երկրներից, շահագրգռված են զարգացնել տնտեսական կապերը Եվրասիական տնտեսական միության հետ:

Գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում, ինչպես նաև աշխարհի այլ տարածաշրջաններում, առկա են բազմաթիվ լուրջ քաղաքական խնդիրներ, տնտեսական զարգացմանը խոչընդոտող սպառնալիքներ: Բիզնեսը, ինչպես գիտեք, սիրում է կայունություն: Ներդրումներ արվում են այնտեղ, որտեղ կա հստակ պլանավորման հորիզոն:

Համոզված եմ, որ տնտեսությունը՝ կանխատեսելի և կայուն քաղաքականությամբ համակցված, միավորում է ավելի հուսալի կերպով, քան ցանկացած այլ նախաձեռնություն: Տնտեսությունն ու տնտեսական ինտեգրումը կարող են Եվրասիական միության համար դառնալ հենց այն արյունատար համակարգը, որը կկարողանա առողջացնել  ողջ  օրգանիզմը, և նոր գաղափարների ներհոսքով, ներդրումային ծրագրերով և հնարավորություններով, նոր ուժեր ներգրավելով դարձնել Եվրասիան ծաղկուն տարածաշրջան, ազատ պատերազմներից և հակամարտություններից:

Հարկ է փաստել, որ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի դինամիկան տպավորիչ է, բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ ԵԱՏՄ երկրների ներուժը դեռևս լիովին օգտագործված չէ: Ավելին` այդ ներուժն այսօր շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք: ԵԱՏՄ-ի յուրաքանչյուր անդամ երկրի աշխարհագրական դիրքը լրացուցիչ առավելություններ է տալիս ընդլայնելու Եվրասիական տնտեսական համագործակցությունը հարևան երկրների, այդ թվում՝ համաշխարհային շուկայի միջազգային և տարածաշրջանային ներկայացուցիչների հետ։

Կարծում եմ, որ հենց այս գաղափարի գիտակցումն է, որ խթանել է մի շարք ԵԱՏՄ ոչ անդամ երկրների բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությունն այս համաժողովին, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իրանը, Հնդկաստանը և այլն:

Հայաստանը ԵԱՏՄ-ի երկրներից ամենափոքրն է, բայց նույնիսկ նման փոքր երկիրը դառնում է հսկայական, և նրա հնարավորություններն ավելանում են, երբ գործի է դրվում հայկական սփյուռքի ներուժը:

Ցանկանում եմ ընդգծել, որ այս տարի առաջին անգամ մեր համաժողովի շրջանակներում կանցկացվի գիտական ​​նիստ՝ աշխարհահռչակ սփյուռքահայ գիտնականների մասնակցությամբ: Համոզված եմ, որ այն զեկույցները և գիտական ​​հետազոտությունները, որոնք կներկայացվեն ինչպես այս, այնպես և մեր համաժողովի այլ նիստերի և կլոր-սեղան քննարկումների ընթացքում, հետաքրքրություն կառաջացնեն ձեռներեցների և բիզնես ներկայացուցիչների մոտ:

Հավաստիացնում եմ, որ համագործակցության հնարավորություններն իրոք շատ մեծ են:

Իսկ «ԵԱՏՄ երկրների տեխնոլոգիական առաջընթացի և պոտենցիալ ունակությունների բացահայտման» հաջողությունը, որին նվիրված է մեր համաժողովը, մեծապես կախված է Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովի յուրաքանչյուր մասնակցից: