Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի ընթացքում Vesti.am-ը զրուցել է Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանի հետ՝ Եվրասիական տարածքում միասնական բանկային համակարգի անցման շուրջ:

Նա նշել է, որ Եվրասիական տարածքում միասնական բանկային համակարգի ստեղծումը պետք է այնպես իրականացվի, որպեսզի չվնասի ԵԱՏՄ անդամ երկրերի սեփական շահերին:

-Չեմ կարծում, որ միասնական բանկային համակարգ կլինի, յուրաքանչյուր երկիր իր բանկային համակարգը կզարգացնի՝ մյուսների հետ համագործակցությամբ: Կարծում եմ՝ ռուսական և հայկական բանկային համակարգի համագործակցությունը նկատի ունենալով, որը վատ չէ իրականացվում, կարելի է հուսալ, որ այն կնպաստի միասնական տնտեսական գոտում փոխգործակցությանը,- ասել է նա:

Ինչ վերաբերում է միասնական արժույթի անցմանը, Թոսունյանը նշել է, որ մոտակա ժամանակահատվածում դա իրականություն չի դառնա, բայց միջնաժամկետ, երկարաժամկետ կտրվածքով՝ հնարավոր է: Նա հատկապես կարևորել է Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը, որի կազմակերպիչը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է:

-Այսպիսի համաժողովները կարևոր են, որպեսզի ծանոթանանք ընդհանուր հետաքրքրություններին: Ընդհանրապես, երբ հեռացվում են միմյանց հասկանալու անջրպետերը՝ տնտեսական, քաղաքական ինտեգրացիայի հետ կապված խնդիրները հասցվում են նվազագույնի,- եզրափակել է Գարեգին Թոսունյանը: