2016 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Երևանում, «Armenia Marriott» հյուրանոցում կայացավ Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի (ԵԳՄՀ)  բացման արարողությունը: Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք են հղել Հահաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը միջոցառման մասնակիցներին փոխանցեց երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը։ Սարգսյանի խոսքով` ԵՏՄ-ին երկրի անդամակցությունը որակական նոր մակարդակի բարձրացրեց հայ-ռուսական փոխշահավետ գործընկերությունը։ «2011 թվականին մեր երկրները Երևանում նախաձեռնեցին միջտարածաշրջանային գործընկերության հայ-ռուսական առաջին ֆորումը, որն այս տարիների ընթացքում ապացուցեց իր պահանջվածությունը, նպաստեց մեր շրջանների ներուժի բացահայտմանը և միջտարածաշրջանային համագործակցության ամուր հիմք դրեց։ Կարգավորվել է ՌԴ 70 սուբյեկտների հետ հայկական շրջանների արդյունավետ փոխգործակցությունը, ինչը, համոզված եմ, դեռ վերջը չէ», – ասված է Սարգսյանի խոսքում։

Վլադիմիր Պուտինն իր ուղերձում ասել է. «Հայաստանի և Ռուսաստանի գործընկերային հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմական, մշակութային, հոգևոր արժեքների ու դարավոր ընկերության վրա, ինչն էլ մեծ հնարավորություններ է ապահովում տնտեսության, արդյունաբերության, առևտրի, գիտության ոլորտներում կայուն զարգացման համար՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Հաշվի առնելով այն, որ առաջարկները մշակված են բաց և կառուցողական քննարկումների ընթացքում, դրանք անպայման կծառայեն ռուս-հայկական երկխոսության կատարելագործմանը: Ցանականում եմ բոլորիդ հաջողություն և ամենայն բարիք»:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՌԴ Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն ու համաոժղովի նախաձեռնող, «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանը:

Արա Աբրահամյանը վստահ է, որ Եվրասիական տարածաշրջանի  տնտեսությունների ինտեգրումը շահեկան է Եվրասիայի բոլոր ժողովուրդների համար: «Դրանից կշահեն նաև բոլոր գործարարները և ներդրողները,  որոնց այսօր ողջունում ենք մեր համաժողովին, և նաև նրանք, ովքեր կմիանան մեզ ապագայում: Մենք ստեղծում ենք այս համաժողովը որպես ընդհանուր տնտեսական սիրտ, որը Եվրասիական տնտեսական ընկերակցության անդամներին և բոլոր երկրներին կապահովի ներդրումներով, գաղափարներով և ծրագրերով: Եվրասիան սկսում է գիտակցել, որ այն  ոչ միայն աշխարհագրական, այլ նաև միասնական տնտեսական տարածաշրջան է, ինչպես հսկայական կենդանի օրգանիզմ, որի յուրաքանչյուր օրգան պետք է  առողջ լինի և փոխգործակցի մյուսների հետ»:

Բացման արարողությանը հետևեց մի շարք փաստաթղթերի ստորագրում, այդ թվում՝ ՌԴ Ռոստովի շրջանի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին և Կլաստերների և տեխնոլոգիական պարկերի ասոցիցաիայի և ՀՀ Նորարարությանի և արդյունաբերության զարգացման հիմնադրամի միջև համագործակցության վերաբերյալ:

Համաժողովի աշխատանքային առաջին օրվա ընթացքում կայացած հանդիպումներին մասնակցեցին Ռուսաստանի Խնայբանկի խորհրդի նախագահ Գերման Գրեֆը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի միութան նախագահ Արա Աբրահամյանը, Ռոստեխ պետկորպորացիայի արտաքին տնտեսական գործունեության գծով փոխտնօրեն  Դմիտրի Շուգաևը, Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի գլխավոր խորհրդական Հովհաննես Ազիզյանը, ՌԴ և ՀՀ Կորեայի Հանրապետության դեսպան Պակ Ռո Բյոկը,  «Forbes&Manhattan» առևտրային բանկի հիմնադիր և տնօրեն Սթեն Բհարթին, Ռազմավարական, քաղաքական անվտանգության և տնտեսական խորհրդատվության ինստիտուտի նախագահ (ISPSW) Պետեր Ռոելը և այլք:

Մասնակիցները քննարկեցին ԵԱՏՄ շրջանակում և դրանից դուրս նոր երկկողմանի և բազմակողմանի համագործակցությունների հնարավորությունները, դրանց քաղաքական և տնտեսական անդրադարձը մասնակից երկրների զարգացման վրա, մասնակիցների շահերը, ինչպես նաև Եվրասիական տարածաշրջանում ներդրումային միջավայրի բարելավման և ներդրումային անվտանգության մեխանիզմների մշակման և ձեռնարկատիրության աջակցմանը վերաբերող հարցեր:

Հանդիպումները  վարեցին ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը և ՌԴ նախագահի խորհրդական, Ռուսաստանի Արևտրաարդյունաբերական պլատի անդամ Իգոր Ֆինոգենովը:  

Սերգեյ Գլազևը Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի ժամանակ նշել է, որ Հայաստանում եղել է նախքան ԵԱՏՄ-ին  ՀՀ անդամակցելը և այդ ժամանակ ոչ բոլորն էին հավատում, որ այն տնտեսական զարգացման նոր հնարավորություններ կտա: «Այն թվերը, որոնք այսօր հնչեցին, շատ տպավորիչ էին: Ես հավատում եմ Արա Աբրահամյանի այն խոսքին, որ Հայաստանը կդառնա Եվրասիական ինտեգրման կենտրոն: Չնայած, Հայաստանն արդեն դարձել է այդ կենտրոնը»,- ասել է Գլազևը:

Համաժողովն անցկացվում է ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ:

ԵԳՄՀ նպատակը Եվրասիական տարածաշրջանում երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցությանն ուղված ինտեգրացիոն գործընթացների զարգացումն է՝ ԵԱՏՄ-ի Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԱՊՀ-ի, «BRICS»-ի և այլ շահագրգիռ պետությունների և ինտեգրացիոն համակարգերի մասնակցությամբ:

Հոկտեմբերի 14-ին ԵԳՄՀ-ին զուգահեռ «Armenia Marriott»-ում անցկացվեց նաև Ռուս-հայկական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովը: Համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: