«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Թեհրանում անցկացված հայկական ապրանքների և ծառայությունների «Հայաստան EXPO-2016» ցուցահանդեսի ընթացքում ներկայացրել է հանրապետության պոտենցիալը Իրանից Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնելու համար: Այդ մասին հաղորդում է «Риа Новости» գործակալությունը, հղում անելով ընկերության մամլո ծառայության հայտարարությանը:

Համաձայն տեղեկությունների, ընկերությունն արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում, մասնավորապես, Վրացական երկաթուղու հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել իջեցնել սակագինը տվյալ ուղղությամբ:

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը նշել է, որ ներկայումս երկու երկրները բեռնափոխադրումների համար պլանավորում են գործի դնել ավտոմոբիլային և երկաթուղային միջանցք: Դեսպանի կարծիքով ծրագիրն իրագործելի է: Նրա խոսքերով, Իրանի տրանսպորտային ընկերությունների միջազգային միության պատվիրակությունը պատրաստվում է այցելել Հայաստան և քննարկել հարցը համապատասխան մարմինների հետ:

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նշել է, որ իրանական կողմին ընկերության առաջարկած` դեպի Եվրոպա բեռնափոխադրումների այլընտրանքային երթուղին մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Աղբյուրը՝ Vesti.am