iPhone SE սմարթֆոնի ներկայիս մոդելը շուտով կէժանանա՝ 5G կապի ստանդարտի աջակցությամբ իր հաջորդ մոդելի թողարկման պատճառով։ Այս մասին հայտնել է Bloomberg-ի վերլուծաբան եւ լրագրող Մարկ Գուրմանը։

Նրա խոսքով՝ մարտին Apple-ը կներկայացնի ավելի ժամանակակից պրոցեսորով թարմացված iPhone SE-ն։ Սակայն կորպորացիան չի հրաժարվի ներկայիս SE-ից, կանխատեսում է մասնագետը։ Նա պարզաբանել է, որ մոդելը դեռ կմնա շուկայում, սակայն կառաջարկվի իջեցված գնով՝ 199 դոլար։

Լրագրողը նշել է, որ նման քայլը թույլ կտա Apple-ին ընդլայնել օգտատերերի բազան, հատկապես՝ Հնդկաստանում։ Բացի այդ, կորպորացիան այսպիսով կարող է հրաժարվել արդեն հնացած iPod touch-ի արտադրությունից:

Գուրմանի գնահատականներով՝ երկու տարի առաջ iPhone SE-ի բաղադրիչների արժեքը մոտենում էր 200 դոլարին, սակայն կան բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ Apple-ն այժմ իջեցրել է այն եւ նույնիսկ ներկայիս գնով կկարողանա «առանց կորուստների» վաճառել SE-ն ։