Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 7-9-ը Վաշինգտոնում մասնակցել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը:

Ինչպես հայտնում են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից՝ միջոցառման մասնակիցները քննարկել են լայն շրջանակի հարցեր։

Այցի ընթացքում կայացել է Տիգրան Սարգսյանի հանդիպումը Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի հետ: Քննարկումը վերաբերել է ՀԲ-ի և ԵԱՏՀ-ի միջև համագործակցության ամուր հիմքերի ստեղծմանը, ներառյալ կողմերի միջև ինստիտուցիոնալ հարաբերությունների հարցերը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության զարգացման և ռեգիոնալիզացիայի գործընթացների բովանդակային ասպեկտները, տարածաշրջանում կառուցվածքային վերափոխումների, Եվրասիական տնտեսական միությունում թվային տրանսֆորմացիայի հեռանկարները:

Տիգրան Սարգսյանը նշել է ԵԱՏՀ-ի և ՀԲ-ի նպատակների ու խնդիրների ընդհանրությունը տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացման ապահովման առումով:

Դժվար է գերագնահատել Համաշխարհային բանկի դերը գլոբալ խնդիրների լուծման և համաշխարհային մարտահրավերների հաղթահարման գործում, ներառյալ այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են երկրներին ցուցաբերվող ֆինանսական օգնությունն ու աջակցությունը կառուցվածքային բարեփոխումներին, կոնսուլտացիաները մրցունակության բարձրացման եւ սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի շուրջ: Եվրասիական տնտեսական միության գործունեության հանգուցային նպատակներինց մեկը անդամ պետությունների որակական և կայուն տնտեսական աճի ապահովումն է: Մեր՝ որպես վերազգային կարգավորիչ մարմնի խնդիրը, Միության երկրների տնտեսությունների համար ավելացված արժեքի ստեղծումն է և այդ ոլորտներում ամենաժամանակակից իրավասությունների ու կարգավորող միջավայրի ձեւավորումը,-ասել է Տիգրան Սարգսյանը:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը պատմել է, որ ներկայում Միության ինստիտուցիոնալ հիմքի ստեղծման փուլից անցում է իրականացվում դեպի երկրորդ և երրորդ մակարդակի փաստաթղթերի մշակումը՝ ընդհանուր շուկայի լիարժեք գործառման, միասնական, համաձայնեցված, կոորդինացված քաղաքականություն վարելու համար:

Մեր երկրների ջանքերը և Միության շրջանակներում դրանց համակարգումը թույլ տվեցին հաղթահարել 2015-2016 թվականների բարդ տնտեսական մարտահրավերները: 2017-2018 թվականներին Հանձնաժողովը գործարար ակտիվության աճ է կանխատեսում անդամ պետություններում և ամբողջ միությունում: Չնայած համաշխարհային տնտեսության զարգացման պահպանվող մարտահրավերներին, որոնց Միությունը պատրաստ է օպերատիվորեն հակազդել, մենք ձեռնամուխ ենք եղել երկարաժամկետ նպատակների իրագործմանը, այդ թվում՝ երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների եւ տարածաշրջանային միավորումների հետ համագործակցության շրջանակներում,-նշել է Տիգրան Սարգսյանը:

 

Իր հերթին Սիրիլ Մյուլլերը հայտարարել է, թե ուրախ է հանդիպելու Տիգրան Սարգսյանի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի նոր դերում: Նա նշել է, որ ԵԱՏՀ-ի հետ համագործակցությունը «կարող է բազմապատկել ԵԱՏՄ-ի առանձին երկրների հետ Համաշխարհային բանկի աշխատանքի արդյունքները»: ՀԲ-ի փոխնախագահը նաև ասել է, որ ինքը պաշտպանում է Համաշխարհային բանկի և ԵԱՏՀ-ի միջև հարաբերությունների ինստիտուցիոնալացման գաղափարը: Նրա խոսքով՝ դա տնտեսական աճի և կառուցվածքային վերափոխումների ապահովման ուղղությամբ կողմերի ավելի արդյունավետ աշխատանքի հնարավորություն կտա:

Մենք չպետք է սահմանափակվենք տեղեկատվության փոխանակմամբ, մենք համատեղ պետք է մեր հարաբերությունները լրացնենք ավելի մեծ բովանդակությամբ,-հայտարարել է Սիրիլ Մյուլլերը:

Տիգրան Սարգսյանը նաև մասնակցել է ԱՄՆ-ի բիզնես-հանրակցության ներկայացուցիչների հետ կայացած ճաշկերույթին: Հանդիպումը կազմակերպվել էր Ռուս-ամերիկյան գործարար խորհրդի աջակցությամբ: Դրան ներկա են եղել Coca-Cola-ի, AmGen-ի, Citigroup-ի և այլ ընկերությունների ղեկավար կառույցների ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահին տեղեկատվություն են տրամադրել Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսություններում կատարված ներդրումների մասին և իրենց առաջարկություններն են ներկայացրել փոխշահավետ համագործակցության զարգացման վերաբերյալ:

Աղբյուր՝ Vesti.am