Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) կանխատեսում է, որ ռազմավարական պաշարներից գործարկված նավթը կարող է համաշխարհային շուկա մատակարարումների զգալի ավելցուկի հանգեցնել։ Այս մասին ասվում է չորեքշաբթի տարածված փաստաթղթում, որը հայտնվել է Bloomberg-ի տրամադրության տակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով` պաշարներից մոտ 66 մլն բարել նավթի դուրսբերման դեպքում առաջիկա երկու ամսվա ընթացքում նավթի ավելցուկը կարող է օրական աճել 1.1 մլն բարելով։ ՕՊԵԿ-ի մի քանի պատվիրակներ նշել են, որ քննարկում են հունվարին նախատեսված արդյունահանման աճի չեղարկումը` ազատված պաշարներով շուկայի գերհագեցման դեպքում։

ԱՄՆ-ն երեքշաբթի հայտարարել էր ռազմավարական պաշարներից 50 միլիոն բարել նավթի բացթողման մասին։ Սպիտակ տունն ընդգծել էր, որ մի շարք այլ պետություններ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան, մտադիր են օգտագործել նավթի պաշարների մի մասը։