Ա. Աբրահամյանի ելույթը

Առաջին Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի բացմանը

Բարև ձեզ, հարգե´լի ընկերներ:

Ուրախ եմ բոլորիդ ողջունել Երևանում՝ Առաջին Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին:

Մեր համաժողովն ամբողջ Եվրասիայում տեղի ունեցող պատմական և դարակազմիկ փոփոխությունների  մասն է:

Եվրասիան սկսում է  գիտակցել, որ այն  ոչ միայն աշխարհագրական, այլ նաև  միասնական տնտեսական տարածաշրջան է, ինչպես հսկայական կենդանի օրգանիզմ, որի յուրաքանչյուր օրգան պետք է  առողջ լինի և փոխգործակցի մյուսների հետ:

 Իմ ծնողները բժիշկներ են եղել, ես ինքս գործարար եմ, և, որպես բժիշկների ընտանիքում մեծացած մարդ, իմ պատկերացմամբ   տնտեսությունն արյուն է,  որը պետք է  ազատ շրջանառվի  և մատակարարի բոլոր օրգաններին: Նույնիսկ մեկ տեղում արյան լճացումը և մեկ օրգանի  անբավարար մատակարարումը հանգեցնում է ամբողջ օրգանիզմի աշխատանքի խաթարմանը:

Հենց սրանով է պայմանավորված Եվրասիայի տնտեսական ինտեգրացիայի կարևորությունը. դա ամբողջ մայրցամաքի առողջության գրավականն է:

Մեր տնտեսությունների ինտեգրումը շահեկան է Եվրասիայի բոլոր ժողովուրդների համար: Դրանից կշահեն նաև բոլոր գործարարները և ներդրողները,  որոնց այսօր ողջունում ենք մեր համաժողովին, և նաև նրանք, ովքեր կմիանան մեզ ապագայում:

Մենք ստեղծում ենք այս համաժողովը որպես ընդհանուր տնտեսական սիրտ, որը Եվրասիական տնտեսական ընկերակցության անդամներին և բոլոր երկրներին կապահովի ներդրումներով, գաղափարներով և ծրագրերով:

Այս միասնական տնտեսական օրգանիզմի ստեղծման գործընթացն  արդեն իսկ սկսվել է 2015 թվականի հունվարից, երբ հիմնադրվեց Եվրասիական տնտեսական միությունը:

Այսօր այս միությունը համախմբում է Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանը:

Եվրասիական տնտեսական միության խնդիրն է անդամ երկրների միջև ապրանքների, ծառայությունների, ֆինանսական և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի, ինչպես նաև  տնտեսական բոլոր ոլորտներում համակարգված քաղաքականության վարման ապահովումը:

Եվ սա դեռ միայն սկիզբն է:

Վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած տնտեսական համաժողովի ժամանակ ընդունվեց  բանաձև՝ մինչև 2025թ. միասնական էներգետիկ, ֆինանսական և ածխաջրածնային շուկայի ստեղծման վերաբերյալ:

Դա կլինի առաջին քայլն  ամբողջ եվրասիական տարածաշրջանում ընդհանուր  միասնական շուկայի ստեղծման գործում:

Հետևաբար, մեզ հարկավոր է Եվրասիան խելացի կառավարվող տարածաշրջան դարձնել, այսինքն՝ վայր, որտեղ կկիրառվեն  իննովացիաներ  և  հատուկ մասնագիտացումներ:

Կրկին վերադառնալով  քիչ առաջ արված բժշկական համեմատությանը՝ ավելացնեմ, որ մարմնի յուրաքանչյուր օրգան  կատարում է իր սեփական  գործառույթը՝ դրանով իսկ  ծառայելով ամբողջ օրգանիզմին:

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովն ստեղծվել է մեր մասնագիտացումների ինտեգրմանը և փոխգործակցությանն օժանդակելու նպատակով:

Եթե յուրաքանչյուր երկիր առաջարկի ինտեգրման համար իր լավագույն ռեսուրսները, ունակությունները և հնարավորությունները, ապա ոչինչ չի կարող խոչընդոտել արդյունավետ կառավարվող տարածաշրջանի զարգացմանն ու աճին:

Եթե մենք համախմբենք Ռուսաստանի  արդյունաբերական հզորությունը, Ղազախստանի բնական պաշարները, Բելառուսի և Ղրղզստանի աշխարհագրական առավելությունները, ինչպես նաև բոլոր անդամ երկրների մարդկային և մտավոր ռեսուրսները, ապա մենք շուտով կունենանք ոչ միայն խելացի ու առաջադեմ, այլ նաև բարգավաճող տարածաշրջան:

Չնայած այն հանգամանքին, որ իմ երկիրը տարածքով փոքր է և հարուստ չէ բնական պաշարներով՝ Հայաստանը հարուստ է հնադարյան մշակույթով, կիրթ և աշխատասեր ժողովրդով, վառ և տաղանդավոր երիտասարդներով, ինչպես նաև հայկական սփյուռքի տնտեսական, գիտա-տեխնիկական ռեսուրսներով:

Ելնելով այս ամենից՝ Հայաստանը ձգտում է դառնալ Եվրասիական տնտեսական միության, իսկ ապագայում նաև՝ ամբողջ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոնը՝ դառնալով Նոր Մետաքի  ճանապարհի այսպես կոչված «դարպասը»:

Նորարարությունները, ինտեգրումը և ոչ ստանդարտ մտածողությունը Հայաստանը կդարձնեն Եվրասիական տնտեսական միության եռանդուն և բարգավաճ խաչմերուկ:

Աշխարհի շատ երկրներ արդեն  բարձր են գնահատել այս միության հսկայական ներուժը: Եվրասիական տնտեսական միությանը շուտով պատրաստվում է անդամակցել Տաջիկստանը:

2015 թ. նոյեմբերին Իսրայելն ու Չինաստանը դարձան այս միության պաշտոնական գործընկերները:

Մեր Միության և Չինաստանի միջև բազմաշերտ առևտրի և տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը  Մետաքի  նոր ճանապարհը կդարձնի  համաշխարհային տնտեսության ամենահզոր շարժիչը:

Եվրասիական տնտեսական միությունը Իսրայելի հետ նույնպես ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր է ստորագրել, որը կսկսի գործել 2017թ.: Այս համաձայնագրի ստորագրման արդյունքում Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ երկրների համար հասանելի կդառնան իսրայելական նորարարությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

2016թ. սեպտեմբերին Եվրասիական տնտեսական միությունն ստորագրել է ազատ առևտրի համաձայնագիր Վիետնամի հետ, որը նաև ամբողջ «ASEAN» /Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության/  դաշինքի հետ պայմանավորվածությունների մոդել կհանդիսանա:

Սինգապուրը և Եվրասիական տնտեսական միությունն արդեն պատրաստվում են ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքմանը:

Հնդկաստանը, Իրանը, Եգիպտոսը և Հարավային Կորեան նույնպես հետաքրքրված են և ուզում են համագործակցել  մեր Միության հետ:

Ինչպես ես արդեն նշեցի, Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը, որտեղ ես ուրախությամբ ողջունում եմ Ձեզ, կդառնա մշտական հարթակ նոր տնտեսական հնարավորությունների և ներդրումային ծրագրերի ստեղծման համար, որոնք կվերածեն  Եվրասիան խելացի կառավարվող տարածաշրջանի:

Մեր համաժողովի ընթացքում մենք նույն սեղանի շուրջ կհամախմբենք ներդրողների, գործարարների, գյուտարար- գիտնականների և կառավարության անդամների՝ բյուրոկրատական գործընթացը նվազեցնելու և առավել համարձակ ու առաջատար նորարարությունների, ներդրումների և համատեղ տնտեսական նախաձեռնությունների համար կանաչ լույս ապահովելու նպատակով:

Ես լավատեսորեն եմ նայում Եվրասիայի ապագային, բայց  նայում դրան սթափ՝ առանց վարդագույն ակնոցի:

Ես գիտեմ, որ մեր տարածաշրջանը լի է տարբեր հակամարտություններով և ճգնաժամային երևույթներով, և որ ահաբեկչության ու չլուծված տարածքային հակամարտություններն իրական ու լուրջ սպառնալիք են հանդիսանում մեզ համար:
Սակայն գործարարի իմ փորձից ելնելով՝ կարող եմ ձեզ ասել, որ տնտեսությունն ավելի լավ է միավորում, քան քաղաքականությունը:

Հակամարտությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուր պատերազմող կողմի բնակչության մեծ մասը չի զգա համերաշխ տնտեսական  համագործակցության օգուտն իր ամենօրյա կյանքում:

Միևնույն ժամանակ, չի կարելի անտեսել քաղաքականությունը: Այն կարող է ոչնչացնել բիզնեսը և  ազգերի տնտեսական բարգավաճումը, եթե քաղաքական գործիչները հրաժարվում են հաղթահարել վաղեմի թշնամանքը:

Վերցնենք իմ երկրի օրինակը: Մենք պետք է ընդունենք այն փաստը, որ Հայաստանի տնտեսական աճին և բարգավաճմանը  խոչընդոտում են երկու` երկար ժամանակ  լուծում չստացած խնդիր:

Հայաստանի սահմաններն իր երկու հարևան պետությունների հետ փակ են, ինչը զրկում է թթվածնից ոչ միայն Հայաստանին, այլ նաև խոչընդոտ է հանդիսանում տարածաշրջանային տնտեսական զարգացման և Եվրասիայի ընդհանուր բարգավաճման համար:

Հայաստանը ձգտում  է հակամարտությունների կարգավորմանը բոլոր հարևանների հետ՝  պատմական արդարության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի սկզբունքից ելնելով:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և նրա արևմտյան ու արևելյան հարևանների հարաբերությունների պատմությունը հեղեղված է անմեղ հայերի արյամբ` պատմությունը պահանջում է, որ մենք  նոր էջ բացենք այդ հարաբերություներում՝ աշխատելով միասին կենտրոնանալ մեր ընդհանուր տարածաշրջանային և գլոբալ ապագայի վրա:

Այս դահլիճում,  կողք կողքի՝ որպես լավ ընկերներ, նստած են  մեր հարգարժան հյուրերը Իսրայելից և Գերմանիայից:
Եթե Իսրայելը և Գերմանիան կարողացան գիտակցել և հաղթահարել այն սարսափելի չարիքը, որն իրագործել էին գերմանացիները հրեաների դեմ՝ կարողալով թողնել այն անցյալում և կառուցել մտերիմ հարաբերություններ, ապա Հայաստանը և  նրա հարևանները նույնպես կկարողանան անել դա:    

Տարածաշրջանի բոլոր երկրները ձեռք կբերեն շատ ավելին՝ ամրապնդելով իրենց համագործակցությունը, քան  իրենց անհաշտ դիրքերը: Դա  հեշտ գործ չէ, բայց պատմական հակամարտությունների լուծման յուրահատուկ մոտեցումները  կօգնեն Հայաստանին և իր հարևաններին  վերականգնել վաղուց քանդված կամուրջները:

Մեր խնդիրն է ցուցաբերել կամք և շարժվել դեպի նոր համատեղ ապագա՝ չմոռանալով անցյալը, ինչպես դա սովորեցին  անել Իսրայելն ու Գերմանիան:

Կփորձեմ լինել հստակ: Հայաստանը ձգտում է Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար հաշտեցմանն ու կարգավորմանը՝ պատմական արդարության և ընդհանուր տարածաշրջանային շահերի սկզբունքից ելնելով :

Մեկը  մյուսին չի հակասում:

Նույն կերպ Հայաստանը ձգտում է լուծել իր տարաձայնությունները Ադրբեջանի հետ և վերադառնալ բարիդրացիական հարաբերությունների՝ առանց  Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը զոհաբերելու:

Ապրիլին տեղի ունեցած ռազմական բախումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան թեժ է շարունակում մնալ այսպես կոչված, «սառեցված» հակամարտությունը:

Հետևաբար, պետք է լուծել հայ-ադրբեջանական հակամարտությունը դիվանագիտության նորարարական մոտեցումների միջոցով : /Ղարաբաղի կոնտեքստում ՚մեր խնդիրն է ՚ պետք չէ օգտագործել  

Այս խաղաղ կարգավորման արդյունքում կշահեն բոլորը:
Երբ Կովկասում տիրի խաղաղություն և անվտանգություն, ողջ եվրասիական տարածաշրջանում կարագանա տնտեսական զարգացումը: Կշահեն բոլոր երկրները Մետաքի  ճանապարհի երկայնքով՝ Հայաստանից մինչև Չինաստան, Ադրբեջանից մինչև Եվրոպա:

Պարտվողներ չեն լինի, կլինեն միայն շահողներ:

Այս Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը լավագույն հարթակն է  բիզնեսի և քաղաքականության ոլորտում առաջարկությունների, քննարկումների և  նոր, ոչ ստանդարտ մոտեցումների մշակման համար: Դա ապագայի կերտման գործիքն է, և ես կոչ եմ անում բոլորիդ ակտիվորեն օգտագործել այն:

Մինչ այս համաժողովը Եվրասիական տնտեսական միությունը գոյություն ուներ և գործում էր միջազգային գործարարներից առանձին: Տվյալ համաժողովը նրանց համար մշտական, ակտիվ և փոխշահավետ համագործակցության սկիզբը կդառնա:

Հուսով եմ, որ համաժողովը, որին ես պատիվ եմ ունեցել ձեզ հրավիրելու, տնտեսական շարժիչ կդառնա բոլոր այն երկրների համար, որտեղից եկել են մեր պատվարժան հյուրերը և բոլոր այն բիզնեսների համար, որոնցով նրանք զբաղվում  են:

Հուսով եմ նաև, որ մեր համաժողովը կկարողանա օգտագործել տնտեսությունը մեզ իրարից բաժանող  հակամարտությունների լուծման համար:

Մենք՝ Առաջին Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի մասնակիցներս, այսօր և այստեղ սկսում ենք ձևավորել Եվրասիայի նոր ապագան:

Մենք կատարում ենք առաջին քայլը, և հույս ունենք, որ այս ճանապարհով մեզ կհետևեն Եվրասիայի բոլոր ժողովուրդները:

Վերստին   շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն հյուրերին, որոնք եկել են մեզ մոտ Երևան և մաղթում եմ բոլորիս արդյունավետ, ստեղծագործ և բարեկամական աշխատանք համաժողովի շրջանակներում: