Apple-ը գործարկել է արատավոր iPhone 12-ների հետկանչի ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է Appleinsider պարբերականը, հաղորդում է «ЛентаРу»-ն։

Լրագրողները ուշադրություն են դարձրել, որ ամերիկյան ընկերությունը սկսել է հետ ընդունել ձայնի հետ կապված խնդիրներ ունեցող սմարթֆոնները։ Առաջին հերթին խնդիրներից դժգոհել էին ԱՄԷ սպառողները։ Համաձայն Apple-ի հայտարարության՝ խնդիրը նկատվել է iPhone 12-ի եւ 12 Pro-ի «շատ փոքր տոկոսի մոտ»։

Ինչպես նշել են հեղինակները, համապատասխան ծանուցմամբ էջերը հայտնվել են Apple-ի կայքում շատ տարածաշրջաններում, այդ թվում Ռուսաստանում։ Դա կարող է վկայել այն մասին, որ սմարթֆոնների հետկանչի ծրագիրը գործարկվել է ողջ աշխարհում։

Ընկերության փաստաթղթերում հավաստիացվում է, որ ձայնի հետ կապված խնդիրները կարող են առաջանալ ընդունիչի մոդուլի բաղադրիչի խափանման պատճառով։ Այս թերությունը հանդիպում է iPhone 12 սերիայի որոշ սարքերում (2020թ. հոկտեմբերից մինչեւ 2021թ. ապրիլ)։ «iPhone 12 mini եւiPhone 12 Pro Max մոդելները չեն մասնակցում ծրագրին»,- նշել են ընկերության ներկայացուցիչները։