Apple-ը ուսումնասիրում է կրիպտոարժույթի օգտագործման հնարավորությունները, բայց առայժմ չի ծրագրում այն ընդունել որպես վճարամիջոց կամ ներդրումներ կատարել դրանում, ասել է ընկերության ղեկավար Թիմ Քուկը The New York Times-ի հարցազրույցում։ «Ես չեմ կարծում, թե մարդիկ գնում են Apple-ի բաժնեթղթերը, որպեսզի կրիպտոարժույթի հասանելիություն ունենան»,- պարզաբանել է Քուկը։

Միեւնույն ժամանակ, Apple-ի ղեկավարը խոստովանել է, որ ներդրում կկատարի կրիպտոակտիվներում։ Քուկը պարզաբանել է, որ խելամիտ է համարում դրանք դարձնել դիվերսիֆիկացված պորտֆելի մի մասը, բայց նշել է, որ ոչ մեկին խորհուրդ չի տալիս ներդրումների հարցում։ Նրա խոսքով՝ նա ինչ-որ ժամանակ հետաքրքրվել է այդ տիպի ակտիվներով եւ ուսումնասիրել դրանք։ Նա չի ճշտել այն ակտիվները, որոնցում ներդրումներ է կատարել, եւ իր ներդրումների ծավալը։

Ինչպես նշում է Forbes-ը, փետրվարին Tesla էլեկտրամեքենաների արտադրողը բիթքոիններում 1,5 մլրդ դոլարի ներդրում է կատարել, իսկ մեկ ամիս անց հաճախորդներին թույլ է տվել վճարել կրիպտոարժույթով իր էլեկտրամեքենաները գնելու համար։ Բայց մայիսին Tesla-ի հիմնադիր եւ ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել էր, որ ընկերությունը դադարեցնում է բիթքոինով կատարվող վճարների ընդունումը։ Գործարարը դա բացատրել էր բնապահպանական խնդիրներով՝ կապված կրիպտոարժույթի մայնինգի հետ։ Ավելի ուշ նա հնարավոր էր համարել, որ Tesla-ն նորից կսկսի բիթքոինններ ընդունել, եթե կրիպտոարժույթի կեսից ոչ պակասը ստեղծվի էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ։