Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) այսօր կազմակերպված ընդունելության շրջանակներում համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀԲՄ և «Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի» միջև։
ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարևորելով Հայաստանում ֆինանսական ծառայությունների՝ մասնավորապես լիզինգի զարգացումը՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը հույս հայտնեց, որ մասնագիտական այս ոլորտում հաստատվող համագործակցությունը կնպաստի լիզինգի՝ որպես ֆինանսական գործիքի ճանաչողականության բարձրացմանը և գործարար համայնքին հասանելիությանը:
«Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի հետ նոր ձևաչափով հաստատվող համագործակցության առաջին արդյունքները տեսանելի կլինեն 2022թ. տարեսկզբին, որոնք կվերաբերեն ինչպես խնդրահարույց հարցերի կարգավորմանն ու օրենսդրական կարգավորումներին, այնպես էլ կրթական և մասնագիտական վերապատրաստման ծրագրերին»,-նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:
Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանն իր հերթին ընդգծեց ոլորտի կարևորությունը երկրի տնտեսության զարգացման մեջ իր ուրույն դերակատարման տեսանկյունից:
«Մեր գնահատմամբ 2022թ. առանձնանալու է այս ոլորտում սպասվող նորամուծությունների շնորհիվ, որոնք ենթադրում են նոր ուղղությունների մուտք հայկական շուկա: Ընթացիկ աշխատանքներին զուգահեռ պետք է տարվեն նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացներ՝ ցանկալի արդյունքն ապահովելու համար: Այս տեսանկյունից կարևորում եմ Հայաստանի բանկերի միության հետ ստեղծվող փոխշահավետ հարթակը, որն իր հերթին կնպաստի համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը»,-ընդգծեց Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը: