2022 թվականին 7 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ կառավարության հաշվարկները խնդրահարույց են, չհիմնավորված լավատեսության նպատակը զուտ քաղաքական է եւ միտված է սուտ խոստումների միջոցով զսպելու օրեցօր վատթարացող պայմաններում ապրող մեր քաղաքացիների զայրույթը եւ անհաջող փորձ է 44-օրյա պատերազմում պարտությունից հետո ստեղծված իրավիճակը ներկայացնելու որպես նոր հնարավորությունների դարաշրջան: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ իշխանությունը փորձում է մանիպուլյատիվ մեթոդներով ցույց տալ, թե այդ 7 տոկոս աճն իրատեսական է:

Նրա խոսքով, վիճակագրության համաձայն այս տարվա 9 ամիսների ընթացքում տնտեսական աճը նախորդ տարվա համեմատ կազմել է ընդամենը 2,66 տոկոս, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,4 տոկոս, իսկ 10 ամսվա տվյալներով այն իջել է 4,3 տոկոսի:

Ինչ վերաբերում է գնաճին, Խաչատրյանը նշեց, որ ՀՀ-ում երրորդ եռամսյակին 12-ամսյա գնաճը կազմել է 8,9 տոկոս: Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների դասում գնաճը կազմել է 15,4 տոկոս: Բանջարեղենը 64,5 տոկոսով է թանկացել: «Եթե չեք կարող գները վերահսկել, ո՞ւմ եք պետք: Եթե չեն կարողանում ոչ տնտեսությունը զարգացնել, ոչ անվտանգություն ն ապահովել, պետականության բուն գաղափարն են վարկաբեկում»: