Հայկական կողմից ներկայացված գրեթե բոլոր առաջարկները ուսումնասիրվել են եւ հավանության արժանացել: Այս մասին, մարտի 15-ին, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ-տեխնիկական կանոնակարգման նախարար Վալերի Կորեշկովը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման եւ հավատարմագրման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լիլի Մաքսուդյանը:

Վերջիններս Հայաստանում էին Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» համաժողովին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ որակի ենթակառուցվածքի համակարգի կազմակերպությունների ղեկավարները եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակիցներ:

Է. Տարասյանը ներկայացրել է Հայաստանի կողմից այս բնագավառներում իրականացվող աշխատանքները եւ համագործակցությունը` ԵՄ երկրների, Իրանի հետ, անդրադարձել ԵՏՄ անդամակցության շրջանակներում համագործակցության շարունակման գործընթացներին:

Քննարկվել են հարցեր ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի մշակման գործընթացին Հայաստանի մասնակցության վերաբերյալ, մասնավորապես անդրադարձ է կատարվել ԵՏՄ-ին Հայաստանի կողմից ներկայացված առաջարկներին՝ տեղական արտադրանքի որակի չափանիշների մասին:

Վ.Կորեշկովը նշել է, որ հայկական կողմից ներկայացված գրեթե բոլոր առաջարկները ուսումնասիրվել են եւ հավանության արժանացել ու պատրաստակամություն հայտնել տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն տարբեր գործընթացների իրականացման ընթացքում առաջացող ամենատարբեր բնույթի հարցերի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են որակի ենթակառուցվածքի համակարգի, տեխնիկական կանոնակարգման, հավատարմագրման, չափագիտության եւ ստանդարտների բնագավառում առկա խնդիրներին եւ դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին, կարծիքներ փոխանակել արդյունավետ լուծումների մշակման ուղղությամբ: Քննարկվել են հարցեր սերտիֆիկացման ռեեստրների ինտեգրման, կիբերանվտանգության նորմերի պահպանության, հավատարմագրման միջազգային նորմերի կիրառման եւ այլնի վերաբերյալ: