Մեծ Բրիտանիայում «Hinkley Point C» ԱԷԿ-ի կառուցող ընկերությունը պատվիրել է ատոմակայանի ածխածնային հետքի մասին ամենաընդգրկուն զեկույցը։ Այս մասին գրում է 3dnews.ru-ն՝ հղում անելով World Nuclear Association-ին։

Փորձագիտական ​​գնահատականը կրկնում է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի նախկինում ներկայացված եզրակացությունները եւ վկայում, որ կլիմայի վրա ատոմային էլեկտրակայանների ազդեցությունն էկոլոգիապես ամենամաքուրն են՝ նույնիսկ համեմատելով արեւի եւ քամու էներգիայի հետ։

Փորձագիտական ​​գնահատումն իրականացվել է Ricardo Energy & Environment խորհրդատվական ընկերության բնապահպանության հարցերով փորձագետների կողմից եւ հաստատվել մեկ այլ ընկերության՝ կանադական WSP-ի խորհրդատուների կողմից, որը նույնպես մասնագիտացած է էկոլոգիայի ոլորտում: Այն ստեղծվել է Մեծ Բրիտանիայում նոր «Hinkley Point C» ԱԷԿ-ի համար, որը ֆրանսիական Électricité de France (EDF) ընկերությունը սկսել է կառուցել 2018 թվականի դեկտեմբերին։

Նոր ԱԷԿ-ի առաջին եւ երկրորդ էներգաբլոկներում կկառուցվեն 3+ սերնդի երկու նոր ռեակտորներ․ դրանք Evolutionary Power Reactor (EPR) ռեակտորներ են, յուրաքանչյուրը՝ 1630 ՄՎտէ հզորությամբ: Առաջին բլոկը պետք է շահագործման հանձնվի 2026 թվականին։ Երրորդ ռեակտորը, որը դեռ չի հաստատվել իշխանությունների կողմից, կարող է կառուցվել Հյուսիսային ծովի ափին գտնվող Sizewell ԱԷԿ-ում:

Փորձագետները գնահատել են «Hinkley Point C»-ի ածխածնի հետքը՝ նյութերի գնումից մինչեւ ԱԷԿ-ի շինարարությունը, շահագործումը եւ հետշահագործման փուլը: Պարզվել է, որ մինչեւ սպառողներին էլեկտրաէներգիա մատակարարելը ատոմակայանը յուրաքանչյուր 1 կՎտժ էլեկտրաէներգիայի դիմաց կարտադրի 5,49 գ CO2։ CO2-ի արտադրությունը կհասնի 10,91 գ-ի՝ յուրաքանչյուր 1 կՎտժ-ի դիմաց։

Համեմատության համար նշենք, որ Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական հանձնաժողովի միջին գնահատականի համաձայն՝ ծովային ծանծաղուտում էլեկտրականության հողմային գեներացման համար ածխածնային հետքը հասնում է 12 գ CO2 1 կՎտժ-ի դիմաց, իսկ լայնածավալ արեւային տնտեսությունների համար՝ 48 գ CO2 1 կՎտժ-ի դիմաց: Հավելենք, որ բնական գազի համար այս ցուցանիշը կազմում է 490 գ CO2 1 կՎտժ-ի դիմաց, իսկ ածխի համար՝ 820 գ CO2 1 կՎտժ-ի դիմաց։

Հետազոտության արդյունքները համահունչ են ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի վերջերս հրապարակված զեկույցի արդյունքներին: Զեկույցում նշվում է, որ ատոմային էներգիան ունի ածխածնի արտանետման ամենացածր ինտենսիվությունը ողջ կենսական ցիկլում։

ԱԷԿ-ների առավելությունների մյուս ոչ պակաս կարեւոր գործոնները ներառում են նյութերի համեմատաբար քիչ օգտագործումը եւ հողի չափազանց ցածր օգտագործումը: Այս ամենը ստիպում է նոր մաքուր էներգիայի աղբյուրներին անցնելու ժամանակ հույսը դնել ԱԷԿ-ների վրա։ Եվրոպական մի շարք երկրներ՝ Գերմանիայի գլխավորությամբ, դեռ դիմադրում են այս գործընթացին, սակայն, կարծես, շուտով ամեն ինչ կարող է փոխվել։