Ռուսաստանի կառավարությունը դեկտեմբերի վերջին օրինականացրել է քաղաքացիական ինքնաթիռների սարքին պահեստամասերի եւ բաղադրիչների հանման հնարավորությունը՝ դրանք պահելու կամ այլ օդանավերի վրա վերատեղակայելու համար», տեղեկացրել է «Известия»-ն՝ հղում կատարելով ավիաճյուղի իր աղբյուրներին։

Թերթի զրուցակիցները նշել են, որ այդ պահեստամասերի համար պետք է ձեւակերպվեն թույլատրող փաստաթղթեր (թռիչքի պիտանիության կտրոններ, անձնագրեր կամ ապրանքանիշներ). դրանք հանելիս պետք է կատարել եւ փաստագրել դրանց շահագործման վերլուծությունը եւ վիճակի գնահատականը։

Կառավարությունը նաեւ թույլատրել է Ռուսաստանում մնացած եւ սպասարկում պահանջող օտարերկրյա լրակազմերում տեղադրել բնօրինակ չհանդիսացող արտասահմանյան բաղադրիչներ, այսինքն՝ այնպիսի բաղադրիչներ, որոնք նախատեսված չեն արտադրող ընկերությունների (Boeing, Airbus, Embraer) շահագործման փաստաթղթերով, գրել է «Известия»-ն։ Այդ պահեստամասերը կարող են պատրաստել միայն այն ընկերությունները, որոնք ունեն վեց օտարերկրյա ավիաընկերությունների հավանությունը, եւ այն ընթացակարգերով, որոնք նման են ամերիկյան օրենսդրությամբ սահմանվածներին։

Միեւնույն ժամանակ, ինչպես նշել են «Известия»-ի զրուցակիցները, Ռուսաստանում նախորդ տարիներին նույնպես պահեստամասերը մի ինքնաթիռից մյուսին են վերատեղադրվել, ինչպես նաեւ եղել է ԱՄՆ կամ Եվրամիության իշխանությունների հավանությանն արժանացած ոչ բնօրինակ բաղադրիչների տեղադրման գործելակերպ։ «Այժմ այդ պահեստամասերը, հավանաբար, սպառվում են, եւ առաջացել է չինական, իրանական արտադրության բաղադրիչների օգտագործման անհրաժեշտություն»,- նշել է աղբյուրներից մեկը։

Այն մասին, որ ռուսական ավիաընկերությունները տրանսպորտի նախարարությանը խնդրել են օրինականացնել ինքնաթիռների «կանիբալացումը», «Известия»-ն տեղեկացրել է օգոստոսի կեսին՝ հղում կատարելով «Օդային տրանսպորտի շահագործողների ասոցիացիայի» նախագահ Վլադիմիր Տասունի նամակին։ Նա նշել է, որ բաղադրիչների վերատեղադրումն աշխարհում ընդունված գործելակերպ է եւ թույլ կտա ռուսական ընկերություններին «ճկուն պահպանել ինքնաթիռների լրակազմի սարքինությունը»։ Բաղադրիչների հանման օրինականացումն առաջարկվում էր կառավարության մարտյան «2022թ. Ռուսաստանի Դաշնությունում թույլատրող գործունեության առանձնահատկությունների մասին» № 353 որոշմամբ եւ նրա ավիացիոն մասով։

Փետրվարի վերջից Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, ԵՄ-ը եւ այլ երկրներ սռուսական ավիաընկերությունների թռիչքների ահմանափակումներ են մտցրել։ Եվրամիությունը նաեւ մտցրել է Ռուսաստան այն ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման արգելք, որոնք օգտագործվում են ավիացիոն եւ տիեզերական հատվածներում, ինչպես նաեւ այդ ճյուղերի հետ կապված ապրանքների ապահովագրման եւ տեխնիկական սպասարկման արգելք։

Boeing ամերիկյան արտադրողը ժամանակավորապես դադարեցրել է ռուսական ավիաընկերությունների տեխսպասարկումը եւ պահեստամասերի մատակարարումը։ Նման միջոցներ է ձեռնարկել եվրոպական Airbus-ը։

«Коммерсантъ»-ը՝ հղում կատարելով տրանսպորտի նախարարությանը, Օդային տրանսպորտի շահագործողների ասոցիացիային եւ երկու ավիաընկերությունների, գրել է, որ մինչեւ 2030թ. Ռուսաստանի ավիատրանսպորտային ճյուղի զարգացման ծրագրի բացասական սցենարով 2022թ. երկրորդ կիսամյակից օտարերկրյա ինքնաթիռների լրակազմը կսկսի ինտենսիվորեն կրճատվել, եւ ինքնաթիռներից պահեստամասեր վերցնելը կապահովի շահագործման մեջ մնացած ավիալրակազմի թռիչքային պիտանիությունը։ Տրանսպորտի նախարարությունում թերթի ունեցած աղբյուրի խոսքով՝ ինքնաթիռների՝ պահեստամասերի վերածման սպառնալիքի տակ է օտարերկրյա ինքնաթիռների կեսից մինչեւ երկու երրորդը։