Տնտեսական զարգացման եւ ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային եւ ոչ մաքսային սակագնային կարգավորման, արտաքին առեւտրի պաշտպանիչ միջոցառումների ենթահանձնաժողովը որոշել է արգելել Ռուսաստանից հացահատիկային մշակաբույսերի արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ ենթահանձնաժողովը հաստատել է նաեւ Ռուսաստանից երրորդ երկրներ սպիտակ շաքարի եւ եղեգնաշաքարի հումքի արտահանման ժամանակավոր արգելքի մասին որոշումը։

Հացահատիկի արգելքի ժամկետը մինչեւ օգոստոսի 31-ն է։ Այն վերաբերում է ցորենին, տարեկանին, մեսլինին, գարիին, եգիպտացորենին։ Ընդ որում՝ բացառություն կարվի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության կողմից տրված արտահանման լիցենզիաներով մատակարարումների համար։

Արգելքի նույն ժամկետն է սահմանվել նաեւ շաքարի վրա։ Այս ապրանքի արտահանումը կարգելվի այն բացառությամբ, որ ԵԱՏՄ երկրներ մատակարարումները հնարավոր կլինեն գյուղատնտեսության նախարարության կողմից տրված թույլտվությունների հիման վրա, հայտնում է տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։