Վերջին տարիների պրակտիկան ցույց է տվել, որ  ամենաարդյունավետ մեխանիզմներից մեկը ապրանքի մակնշումն է։Այս մասին նոյեմբերի 19-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Մենք կազմակերպել ենք կոշիկի, օծանելիքի, անվադողերի, տեսախցիկների, թեթեւ արդյունաբերության արտադրանքի եւ կաթնամթերքի որոշ տեսակների մակնշում։ Որոշում է կայացվել շշալցված ջրի փուլային մակնշման մասին։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ընդլայնել այդ մեխանիզմը այլ տեսակի ապրանքների համար։ Դա թույլ կտա ուժեղացնել հսկողությունը ապրանքաշրջանառության նկատմամբ եւ պայքարել կեղծ ապրանքների դեմ ԵՏՄ հնգյակում»,-ասել է նա։

Միխայիլ Միշուստինը պահանջված է անվանել էլեկտրոնային առեւտրի կարգավորման գործիքները։ «Կորոնավիրուսի տարածումը հանգեցրել է դրա արագ զարգացմանը։ Մենք աջակցում ենք այս ոլորտում ճանապարհային քարտեզ ստեղծելու առաջարկին։ Մեր ձեռներեցները պետք է ունենան աշխատանքի հստակ եւ հասկանալի կանոններ, որոնք կբացառեն լրացուցիչ  բեռը, իհարկե՝ հենվելով ժամանակակից տեխնոլոգիաների եւ բիզնես գործընթացների վրա»,-հավելել  է նա։

ՌԴ վարչապետն ասել է, որ այս տարի ԵՏՄ-ում վերացվել են երեք բարիեր եւ երկու խոչընդոտ, հաստատվել է ճանապարհային քարտեզ՝ մինչեւ հաջորդ տարվա վերջ միասնական շուկայում բացառություններն ու սահմանափակումները վերացնելու համար։

Միշուստինը կլիմայական օրակարգը համարում է միության անդամ երկրների փոխգործակցության նոր հեռանկարային ուղղություն։ «ԵՏՄ առաջնորդները հատուկ հայտարարություն են ընդունել կլիմայի վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահն առաջարկել է սկսել ստանդարտների միավորումը ածխածնի հաշվետվության ոլորտում, իրականացնել փոխշահավետ կլիմայական նախագծեր եւ համատեղ ստեղծել սեփական տեխնոլոգիաներ՝ հիմնված առանց ածխածնի էներգիայի աղբյուրների: Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն աշխատել մոտեցումների ներդաշնակեցման ուղղությամբ՝ մեր երկրների կուտակած փորձն ամբողջությամբ օգտագործելու համար, այդ թվում՝ կանաչ տեխնոլոգիաների ոլորտում։ Միության շրջանակներում գործում է կլիմայի հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խումբ։ Առաջիկայում այն պետք է պատրաստի հիմնական ռազմավարական մոտեցումները, ինչպես նաեւ դրանց իրականացման ճանապարհային քարտեզի միջոցառումների առաջին փաթեթը։ Սրանք պետք է լինեն այնպիսի միջոցառումներ, որոնք թույլ կտան մեր երկրներին հաջողությամբ հաղթահարել կլիմայական ոլորտում առկա մարտահրավերները»,-եզրափակել է Միշուստինը։