Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն, որտեղ Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Լուսանկարման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի վարչապետները: Որպես ԵՏՄ-ում դիտորդ պետության ներկայացուցիչ, ընդլայված կազմով նիստին մասնակցել է նաեւ Մոլդովայի վարչապետ  Յոն Կիկուն:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,

Պատվիրակությունների հարգելի անդամներ,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինին` այսօրվա հանդիպման հաջող անցկացման, բոլոր պայմանները ստեղծելու, ինչպես նաեւ ավանդական հյուրընկալության համար:

Ցանկանում եմ նաեւ ողջունել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինին եւ Մոլդովայի վարչապետ Յոն Կիկուին, ովքեր առաջին անգամ են մասնակցում մեր խորհրդի նիստին: Հաջողություն եմ մաղթում Ձեզ եւ կցանկանայի հավաստիացնել, որ մենք պատրաստ ենք ակտիվ եւ արդյունավետ համագործակցության:

Սիրելի ընկերներ,

Սա մեր առաջին հանդիպումն է այս տարի բելառուսական կողմի նախագահության ներքո: Մենք աջակցում ենք Բելառուսի նախագահության շրջանակում արձանագրված ինտեգրման առաջնային ուղղություններին: Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել դեռեւս գոյություն ունեցող խոչընդոտների եւ սահմանափակումների վերացման կարեւորությունը, որոնք խանգարում են ընդհանուր տնտեսական տարածքի ձեւավորմանը:

Անհրաժեշտ է նաեւ ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են ԵՏՄ էներգետիկ եւ տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծմանը՝ գնագոյացման, սակագների, ծառայությունների հասանելիության ոլորտում ոչ խտրական մոտեցումների հիման վրա: Միության մարմինների արդյունավետության բարձրացումը եւ տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը եւս մեկ ուղղություն է, որը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում:

Այսօրվա նիստի օրակարգի հարցերի մասին կցանկանայի նշել հետեւյալը. այսօր հերթական անգամ քննարկվեց ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքը: Այս խոչընդոտների մի մասով մենք այսօր որոշումներ ենք կայացրել: Այնուամենայնիվ, ինչպես արդեն բազմիցս նշել եմ, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է համախմբել համատեղ ջանքերը, որոնք ուղղված են առկա խոչընդոտների վերացմանը եւ հետագայում դրանց կրկնությունը բացառող պայմանների ստեղծմանը:

Ինչ վերաբերում է «Մինչեւ 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություններին», ես կցանկանայի նշել, որ մենք առանձնահատուկ կարեւորում ենք այս փաստաթղթի վերջնական համաձայնեցումը` ԵԱՏՄ պայմանագրով ամրագրված համագործակցության հաստատված ձեւերի հիման վրա:

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունն ավանդաբար ակտիվորեն մասնակցում եւ աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման եւ իրականացման գործընթացին: Կարծում ենք, որ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձեւավորումը հնարավորություն կտա նվազեցնել ապրանքների եւ ծառայությունների սպառողի, արտադրողի եւ վաճառողի միջեւ հեռավորությունը: Դա էապես կնվազեցնի առաքման, ինչպես նաեւ ապրանքների տեղափոխման օպտիմալ եղանակներն ու մեթոդները որոնելու ժամանակը՝ շուկան այս առումով ավելի կատարյալ դարձնելով:

Նիստի հարգելի մասնակիցներ,

Քանի որ փետրվարի 1-ին ավարտվում է Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը, իմ ելույթի ավարտին ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին, ինչպես նաեւ Հանձնաժողովին՝ կատարած աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Ցանկանում եմ նաեւ բեղմնավոր աշխատանք մաղթել նոր Հանձնաժողովին Միխայիլ Մյասնիկովիչի ղեկավարությամբ, ինչպես նաեւ Բելառուսի Հանրապետությանը, որը այս տարի նախագահելու է ԵԱՏՄ մարմիններում:

Եվ վերջում ցանկանում եմ հայտնել Հայաստանի պատրաստակամությունն այս տարի հյուրընկալել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը: Ուրախ կլինեմ ողջունել բոլորիդ Հայաստանում: Եվ մեր կողմից ցանկանում եմ հավաստիացնել, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նիստն անցնի ամենաբարձր մակարդակով:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Նիստի ընթացքում վարչապետները քննարկել են ԵԱՏՄ ֆունկցիոնալության հետագա բարձրացմանը, կազմակերպության իրավապայմանագրային բազայի կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շուկայում խոչընդոտների վերացմանը, ազգային տեղեկատվական համակարգերի ինտեգրմանը, մաքսային կարգավորումների ոլորտում համագործակցությանը եւ միության ընդհանուր շուկաների ձեւավորմանը: Քննարկվել են նաեւ մի շարք նախաձեռնություններ՝ եվրասիական տարածքում ազգային արժույթների օգտագործումն ընդլայնելու եւ պաշտպանական միջոցառումները բարելավելու հնարավորությունները՝ հաշվի առնելով միջազգային փորձը: