Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ փլուզումից հետո, «Խնայբանկ»-ի բոլոր քաղաքացիների խնայողությունները «սառեցվեցին»։ Այս գործընթացը չշրջանցեց նաեւ մեր երկիրը։ Հիշեցնենք, որ 1990 թվականի սկզբին Հայաստանում հաշվվում էր քաղաքացիների ավելի քան 1,9 մլն ավանդ, որոնց ընդհանուր գումարը կազմում էր մոտ 5,2 մլրդ խորհրդային ռուբլի։ Այսինքն՝ հանրապետությունում գրեթե յուրաքանչյուր ընտանիք «Խնայբանկ»-ում ունեցած ավանդի մասին վկայող փաստաթուղթ հանդիսացող խնայողական գրքույկ ուներ։ Ընդ որում, ոմանք հաջողացնում էին միանգամից մի քանի խնայգրքույկներ ունենալ։

Ավանդների «սառեցման» մասին որոշումը բոլոր ավանդատուների համար վերածվեց իսկական ողբերգության եւ երկար ժամանակով խաթարեց բանկերի հանդեպ վստահությունը։ Չբարելավեց իրավիճակը նաեւ այդ ավանդների հետագա մասնակի փոխհատուցումը։ Նախ շատ քիչ մարդ ստացավ այդ հնարավորությունը։ Երկրորդ՝ խորհրդային ռուբլին հայկական դրամի վերածելու «անհաջող» բանաձեւը, փաստորեն, արժեզրկեց ավանդները։ Ի հավելումն ամենի, այդ բացասական երեւույթն ուժեղացավ բազմաթիվ ֆինանսական «բուրգերի» փլուզմամբ՝ անցյալ դարի 90-ականներին։ Արդյունքում, «ավանդ բանկում» հասկացությունը բավականին վարկաբեկված էր։

Հետագա տասնամյակներին երկրի վարկաֆինանսական հաստատությունների նկատմամբ Հայաստանի Կենտրոնական բանկի խիստ վերահսկողությունը նպաստեց բանկերի հանդեպ քաղաքացիների վստահության վերականգմանը։ Դա արտահայտվեց նաեւ կազմակերպված խնայողությունների անշեղ աճի մեջ։

Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բնակչության ավանդների (ներառյալ հաշիվները) մնացորդները կազմել են 1 տրիլիոն 909 մլրդ դրամ: Ուղիղ 20 տարի առաջ այդ ցուցանիշը շատ ավելի ցածր էր՝ չհասնելով 55 մլրդ դրամի նշաձողի։

Բնականաբար, ավանդների դինամիկայում առաջընթացն ապահովվել է բնակչության եկամուտների աճով (ավելի շուտ՝ մեր հասարակության որոշակի մասի), ինչպես նաեւ արտերկրից դրամական փոխանցումների ներհոսքով։ Պարզ է, որ ժամանակակից «խնայգրքույկերը» կորցրել են իրենց համաժողովրդական նշանակությունը եւ դարձել մեր հասարակության միայն նյութապես ապահով հատվածի հասանելիքը։

Ինչպես հայտնի է, Հայաստանում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները իրականացվում են ԱՄՆ դոլարով, ինչպես նաեւ եվրոյով եւ ռուսական ռուբլով։ Այդ փողերի հոսքը դեպի երկրի արտարժույթի շուկա, ինչպես նաեւ դրամի ազատ փոխակերպման հնարավորությունը հանգեցրել են մի երեւույթի, որը կոչվում է տնտեսության «դոլարիզացիա»։

Ներկայացնում ենք Հայաստանում նախորդ տարվա դեկտեմբերի տվյալները։ Ֆիզիկական անձանց (շահառուների) ավանդների «դոլարիզացիայի» աստիճանը հետեւյալն է եղել՝ ժամկետային ավանդների համար՝ 52%, ցպահանջ ավանդների համար՝ ավելի քան 44%։ Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում այս ցուցանիշը կազմում է մոտ 20%:

Ֆիզիկական անձանց համար արտարժույթի կարեւորագույն աղբյուրը վերը նշված դրամական փոխանցումներն են արտերկրից։ Այսպես, անցած տարի փոխանցումների ներհոսքը կազմել է 2,1 մլրդ դոլար։ Գումարները փոխանցվում են ԱՄՆ դոլարով, մասամբ եվրոյով եւ ռուսական ռուբլով։ Սակայն արժույթի ներհոսքը միայն փոխանցումներով չի սահմանափակվում։ Աշխատանքային միգրանտները տուն վերադառնալիս իրենց հետ բերում են վաստակած գումարի մի մասը։

Փոխանցումների զգալի մասը (ավելի քան 70%) ստացողների կողմից ծախսվում է ընթացիկ նպատակների համար եւ միայն չնչին մասն է ուղղվում բանկերում ավանդներին։ Բայց կա նաեւ ներդրողների մեկ այլ՝ բավականին ծավալուն կոնտինգենտ։ Դրամով բարձր կանոնավոր եկամուտ (ինչպես օրինական, այնպես էլ անօրինական) ունեցող անձինք հաճախ դրա մի մասը վերածում են ԱՄՆ դոլարի։ Դե, այնուհետեւ շատերն այդ գումարը բանկերում ավանդ են դնում։ Լինում են նաեւ արժույթի միանգամյա աղբյուրներ։ Օրինակ՝ քաղաքացին իր ունեցվածքը վաճառել է ԱՄՆ դոլարով եւ այդ գումարը ավանդ է դրել։

Նշենք, որ վերջին տասնամյակների ընթացքում ավանդների տոկոսները զգալիորեն նվազել են։ Ընդ որում, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով տարեկան մեծության անկումն ավելի մեծ է եղել, քան դրամային ավանդների դեպքում։ Այսպես, 2000 թվականի հունվարին մինչեւ 1 տարի ժամկետով ավանդների միջին տարեկան ցուցանիշը դրամով կազմել է 25,75%, ԱՄՆ դոլարով` 21,34%: Այսպիսով, տարբերությունը կազմել է 4,41 տոկոսային կետ։ Անցած տարվա դեկտեմբերին դրամով ժամկետային ավանդների միջին տարեկան տոկոսադրույքն արդեն կազմել է 9,25%, իսկ ԱՄՆ դոլարով` 3,00%: Նրանց միջեւ տարբերությունն աճել է մինչեւ 6,25 տոկոսային կետ։

Արդյունքում ավելի շահավետ է դարձել դրամով ավանդ դնելը, քան ԱՄՆ դոլարով։ Եթե, իհարկե, ներդրողներն առաջնորդվում միայն մեկ նպատակով՝ ստանալ տարեկան ամենաբարձր մակարդակի տոկոսադրույքներ։ Բայց, ավանդի տեսակի ընտրության հարցում հաճախ որոշիչ դեր է խաղում որպես համաշխարհային արժույթ ԱՄՆ դոլարի «կախարդական» գրավչությունը։

Բնակչության ժամկետային ավանդները կարելի է դիտարկել որպես կոմերցիոն բանկերի նկատմամբ ավանդատուների վստահության յուրօրինակ ցուցիչ։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում արտարժույթով ժամկետային ավանդները, որոնք 3,2 անգամ գերազանցում են արտարժույթով ցպահանջ ավանդները։

Պաշտոնական վիճակագրության մեջ արտարժութային ավանդների ցուցանիշը տրված է դրամով։ Այս ավանդների դինամիկան, ըստ նախորդ տարվա ամիսների, անկայուն է թվում (տե՛ս գրաֆիկը):

Սակայն առանձին ամիսների անկումը պայմանավորված է եղել փոխարժեքի տատանումներով։ Շտապ արտարժութային ավանդները դրամից վերածենք ԱՄՆ դոլարի։ Մեր հաշվարկներով՝ արտարժույթով ավանդների ճնշող մեծամասնությունը (մոտ 95%) ներկայացված է հենց դոլարով։ Ուստի դրամից դոլարի փոխարկումը, սկզբունքորեն, թույլ է տալիս ստանալ այդ ավանդների իրական դինամիկան (տե՛ս գրաֆիկը):

Ինչպես տեսնում եք, դինամիկան ըստ ամիսների այժմ բնութագրվում է կայուն աճով, առանց անկումների։ Զարմանալի է, բայց փաստ՝ այս աճը տեղի է ունեցել դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազման ֆոնին (գրաֆիկում դոլարի փոխարժեքը նշված է կարմիր գծով): Միգուցե «էժան» դոլարը խթանե՞լ է դրա գնումը դրամային խոշոր գումարներ ունեցողների կողմից։ Այս դեպքում ձեռք բերված դոլարը կարող էր ժամկետային ավանդներում ներդրվել։

Հավելենք, որ նախորդ տարվա ինֆլյաիան (7,2%) ավելի քան 2 անգամ գերազանցել է արտարժույթով ավանդների տարեկան տոկոսադրույքը։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ արտարժութային կապիտալը պարզապես պահվում է «ապահով» տեղում՝ կոմերցիոն բանկերում։ Առանց տարեկան եկամուտ ստանալու ներդրողների մեծ ցանկության։

Իհարկե, տնային տնտեսությունների կազմակերպված խնայողությունների աճն օբյեկտիվորեն իր դրական կողմերն ունի։ Կոմերցիոն բանկերը միջոցներ են կուտակում բիզնեսին, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց (սպառողական վարկեր, հիփոթեքային վարկեր եւ այլն) վարկավորման համար։

Վատ է, երբ քաղաքացիների «հավելյալ» գումարները հայտնվում են արտասահմանյան բանկերում։ Անցած տարի Հայաստանից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների արտահոսքը կազմել է ավելի քան 1,2 մլրդ դոլար (նախորդ տարում, 2020 թվականին՝ գրեթե 1,3 մլրդ դոլար)։ Այդ գումարների մի մասն, անկասկած, հայտնվում է արտասահմանյան բանկերում: Կապիտալի «փախուստն» արդեն առանձին խնդիր է։

Ինչու՞ խոշոր կապիտալների սեփականատերերն իրենց գումարները չեն ներդնում հայրենական բիզնեսում։ Չէ որ այս դեպքում անձնական եկամուտը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել, քան տարեկան բանկային ավանդի համար: Խնդիրը, ինչպես կարելի է ենթադրել, ձեռնարկատիրական գործունեության համար առկա ռիսկերի, ինչպես նաեւ ապագայի նկատմամբ անորոշության մեջ է։

Տնտեսության իրական հատվածում մասնավոր ներդրումները կանխող եւս մեկ պատճառ կա։ Մեր երկրում արժեթղթերի շուկան փաստացի չի կայացել։ Առեւտրային ընկերությունների մեծ մասը ներկայացված են փակ բաժնետիրական ընկերությունների կողմից (ՓԲԸ): Ուստի բաժնետոմսեր գնելու քաղաքացիների ընտրությունը բավականին խղճուկ է։ Այս պայմաններում մեծ դրամական միջոցների շատ սեփականատերեր հաճախ նախընտրում են դրանք պահել կոմերցիոն բանկերում։

Սմբատ Գրիգորյան