Չինաստանում ստեղծված «Ցզիմու-1» դիրիժաբլի օգնությամբ չինացի օդերեւութաբանները կիրակի օրը Տիբեթում համաշխարհային նոր ռեկորդ են սահմանել մթնոլորտային դիտարկումների բարձրության գծով՝ ծովի մակարդակից 9 032 մետր բարձր, տեղեկացրել է «Սինհուա»-ն։

Թռչող սարքը՝ աերոստատը, ստեղծել են Չինաստանի գիտությունների ակադեմիայի Աերոտիեզերական տեղեկատվության ինստիտուտում՝ մթնոլորտային միջավայրի մոնիթորինգ իրականացնելու համար։ Սարքն ունի 55 մետր երկարություն եւ 19 մետր բարձրություն։ Ծավալը 9 60 խորանարդ մետր է։

«Ցզիմու-1»-ը  թռել է ծովի մակերեւույթից 4 2070 մետր բարձր՝ Ջոմոլունգմայի կայանին մոտ, եւ 3 ժամ 40 րոպե հետո հասել է ռեկորդային բարձրության՝ 9 032 մետր։

Գիտական սարքերը եւ գործիքները, որոնք դիրիժաբլի վրա են, թույլ են տալիս ջրային գոլորշու տեղափոխման գործընթացների, մթնոլորտի կազմության դիտարկումներ իրականացնել ծովի մակարդակից 9 000 մետր բարձր գտնվող շերտերում, ասել է Ցինհայի հետազոտությունների ինստիտուտի (Տիբեթ) ավագ գիտաշխատող Գաո Ցզինը։

Մթնոլորտային դիտարկումները կատարվում են Ցինհայ-Տիբեթյան բարձրավանդակում, չինական երկրորդ գիտահետազոտական արշավի շրջանակում։

Դիրիժաբլի օգնությամբ կարելի է ստանալ կարեւոր գիտական տվյալներ այդ բարձրավանդակում ջրային պաշարների ծագման մասին։ Բարձրավանդակն անվանում են «Ասիայի ջրի հոսքի աշտարակ», ասել է արշավի ղեկավար, Չինաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յաո Տանդունը։