Չինաստանում մարտկոցների առաջատար արտադրողները կարող են 2022 թվականին գները մոտ 20%-ով բարձրացնել՝ ելակետային հումքի գների աճի պատճառով։ Համապատասխան կանխատեսումը երկուշաբթի օրը հրապարակել է Yicai Global Շանհայի բիզնես-պորտալը՝ վկայակոչելով ոլորտի սեփական աղբյուրները։

Ընկերությունների թվում, որոնք պատրաստվում են գնալ այդ քայլին, ռեսուրսը նշում է BYD-ը, Great Power Energy & Technology-ն, Gotion High-Tech-ը եւ Zhuoneng New Energy-ն: Չնայած իր հնարավորություններին՝ հավանաբար բացառություն չի դառնա նաեւ լիթիում-իոնային մարտկոցների չինական խոշորագույն արտադրող Contemporary Amperex Technology ընկեությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մարտկոց արտադրող ընկերությունները հաջորդ տարի անխուսափելիորեն կբարձրացնեն իրենց վաճառքի գները»,- ասում է Shanghai Metals Market-ի վերլուծաբան Մեյ Վանգկինը, ով դա կապում է լիթիումային մարտկոցների նյութերի գների պահպանվող բարձր մակարդակի հետ: Նա ասել է, որ ավտոարտադրողները, ամենայն հավանականությամբ, կընդունեն աճը, քանի որ էլեկտրական մեքենաների պահանջարկի աճի հետեւանքով արտադրողները ձգտում են համապատասխան մատակարարում ապահովել:

Այս տարի, ինչպես նշում է պորտալը, Չինաստանում մարտկոցների արտադրության արժեքը աճել է ավելի քան 50%-ով։ Այսպիսով, վերջին մի քանի տարիների ընթացքում նկատվող նվազման միտումը կանգ է առել, սակայն ընկերությունների մեծ մասը դեռեւս շարունակում է գները պահել նախկին մակարդակի վրա՝ տարեսկզբի պայմանավորվածությունների համաձայն։

Միաժամանակ փորձագետները կարծում են, որ թանկացումները կսահմանափակվեն։ Ընդ որում, ակնկալվում է շուկայում առաջարկի եւ պահանջարկի միջեւ անհավասարակշռության նվազում, սակայն որոշ ընկերություններ կարողությունների ընդլայնումից հետո ստիպված կլինեն հաղթահարել առաջարկի գերավելցուկի խնդիրը: