Իհարկե, մենք երջանիկ չենք այն չափերից, որով բարձրացնում ենք կենսաթոշակները, նվազագույն թոշակը, բայց  երբ եղած բազայի վրա ենք նայում, տոկոսային բավականին շոշափելի աճ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մյուս կողմից ուզում եմ արձանագրենք, որ կենսաթոշակները մեր ծախսային ամենամեծ հոդվածներից մեկն է: Իհարկե, կենսաթոշակների բարձրացումը մեր շարունակական պարտավորությունն է, մյուս կողմից ուզում եմ ընդգծել, որ այդ պարտավորությունը առավել արդյունավետ դարձնելու միջոցը տեսնում ենք առավել արդյունավետ ու զարգացող տնտեսություն ունենալու մեջ:

Մենք կենսաթոշակների նվազագույն չափը ոչ դարակազմիկ չափով ենք մեծացնում, բայց օրինակ, գիտության ոլորտում դարակազմիկ աշխատավարձեր ու ֆինանսավորում ենք ավելացնում: Մենք հույս ունենք, որ կրթության եւ գիտության, տեխնոլոգիաների ոլորտում մեր ներդրումները շթղայաբար բերելու են այնպիսի էֆեկտի, որ հնարավորություն ունենանք ավելի գործունակ ու արդյունավետ սոցիալական ապահովության համակարգ ունենալ»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր կառավարությունը որոշում կայացրեց, որով բարձրացվեցին որոշ խավերի կենսաթոշակներն ու նպաստները: Մասնավորապես, նվազագույն կենսաթոշակի չափը կդառնա 28 հազար 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն: