Փոստային և սուրհանդակային  ճանապարհով ՀՀ ներմուծվող առաքանիների նկատմամբ մաքսային հսկողությունը նախնական փուլում իրականացվում է զննող սարքերի միջոցով, սակայն, լինում են դեպքեր, երբ քաղաքացիների պատվիրած առաքանիներն անհրաժեշտ է լինում բացել և հավելյալ զննել: Օրինակ, երբ մաքսային մարմինները կասկածում են, որ առաքանու պարունակությունը կամ արժեքը չեն համապատասխանում հայտարարագրվածին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ից:

Այս դեպքում մաքսային մարմինն առաքանին կարող է բացել միայն քաղաքացու կամ իր լիազորած փոխադրող կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ։

Հետևաբար, այն դեպքերում, երբ փոխադրող կազմակերպությունը տեղեկացնում է, որ  ապրանքը մաքսային մարմիններում է, քաղաքացին կարող է լիազորագիր տրամադրել փոստային և սուրհանդակային կապի բնագավառում առաքանիների փոխադրմամբ զբաղվող կազմակերպությանը,  որպեսզի քաղաքացու փոխարեն կազմակերպության ներկայացուցիչը մասնակցի ապրանքի զննման գործընթացին:

Այդպիսով մաքսային մարմիններ այցելելու հավելյալ անհրաժեշտություն չի լինի:

Նշենք, որ մի շարք փոխադրող կազմակերպություններ լիազորագրի միջոցով մատուցում են վերը նշված ծառայությունները: