Ղրղըզստանի Ազգային բանկը երեքշաբթի որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցնել 10 տոկոսի: Այս մասին տեղեկացրել է բանկի մամուլի ծառայությունը։

«Ղրղըզստանի Հանրապետության Ազգային բանկի վարչությունը որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը (գործող տոկոսադրույքը) 150 բազային կետով՝ 10 տոկոս։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2022թ. մարտի 1-ից»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես կարծում են Ազգային բանկում, հանրապետության տնտեսությունը շարունակում է վերականգնվել COVID-19-ի տարածման հետ կապված ճգնաժամից հետո։ Անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պահպանումը՝ աշխարհաքաղաքական ռիսկերի աճի հետ միասին, երկրի տնտեսական գործընթացների, այդ թվում՝ սպառողական գների դինամիկայի վրա արտաքին միջավայրի բացասական ազդեցության գերակշռող գործոնն է, նշվում է հաղորդագրությունում։

Ղրղըզստանում հավաստիացնում են, որ Ղազախստանի եւ Ռուսաստանի հետ սերտ տնտեսական կապերը նույնպես արտացոլվում են հանրապետության ֆինանսատնտեսական վիճակի վրա։ «Երկրում գների դինամիկայի հեռանկարները շատ բանով կախված են հիմնական առեւտրային գործընկեր երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ առեւտրի պայմաններից։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական վտանգների ընդհանուր ազդեցությունը մեր տարածաշրջանի բոլոր երկրների վրա՝ Ղրղըզստանի Հանրապետության առեւտրի պայմանները զգալի փոփոխությունների չեն ենթարկվել։ Միեւնույն ժամանակ, անորոշությունը համաշխարհային ֆինանսական շուկաներում, որն ստեղծվել է աճող աշխարհաքաղաքական վտանգների ֆոնին, երկրում ձեւավորում է լրացուցիչ գնաճային ճնշում»,- կարծում են Ազգային բանկում։

Միեւնույն ժամանակ, փորձագետները համոզված են, որ հանրապետության ֆինանսավարկային կազմակերպության գործունեության հիմնական ցուցանիշները վկայում են ամրության զգալի պաշարի մասին, ինչը թույլ է տալիս պահպանել ֆինանսաբանկային համակարգի կայունությունը։ «Ընդ որում՝ բանկային համակարգը ազգային արժույթի լիկվիդայնության բավականաչափ ծավալ ունի»,- հավաստիացնում են Ազգային բանկում։