Հոկտեմբերին Հայաստանում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալը կազմել է 185.4 մլն դոլար, եւ սեպտեմբերի համեմատ կրճատվել է 11.3 մլն դոլարով (կամ 5.7 տոկոսով)։ Պաշտոնական տեղեկատվության մեջ թվարկված երկրներից, որտեղից փոխանցումներ ենք ստանում, փոխանցումների դինամիկան դրական է եղել միայն ԱՄՆ-ի ու Իսպանիայի դեպքում։ Մնացած բոլոր երկրների դեպքում այն բացասական է եղել։ Բացարձակ ցուցանիշներով ամենամեծ անկումը գրանցվել է Ռուսաստանի դեպքում՝ 6.5 մլն դոլարով (կամ 7.7 տոկոս)։

Առաջին հայացքից Ռուսաստանից փոխանցումների հոկտեմբերյան անկումը կապված է սեզոնային աշխատանքի մեկնող միգրանտների՝ Հայաստան վերադարձի հետ։ Սակայն եթե դիտարկենք մյուս տարիների դինամիկան, ապա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ միշտ եղել է փոխանցումների ներհոսքի աճ։ Օրինակ՝ 2018-2019 թվականներին ամսական աճը կազմել է համապատասխանաբար 2.2 տոկոս եւ 1.7 տոկոս։ Մեր հաշվարկներով՝ հաշվետու սեպտեմբերին Ռուսաստանից տրանսֆերտների ծավալը կազմել է 6.2 մլրդ ռուբլի, մինչդեռ հոկտեմբերին այն շատ ավելի քիչ է եղել՝ 5.6 մլրդ ռուբլի։

Ընտանիքների բյուջետային հետազոտությունների արդյունքների հիման վրա (2019թ.) մեր աշխատանքային միգրանտների ավելի քան երկու երրորդը զբաղված է եղել շինարարության ոլորտում։ Այս ոլորտը բնութագրվում է որոշակի սեզոնայնությամբ, հոկտեմբերին դրա ծավալը նվազում է սեպտեմբերի համեմատ։ Սակայն այս տարի Ռուսաստանում այս անկումը ավելի կտրուկ է եղել, քան անցյալ տարի՝ 9.3 տոկոս՝ 5.7 տոկոսի դիմաց։ Ուստի չի բացառվում այս գործոնի որոշակի ազդեցությունը Ռուսաստանից փոխանցումների ներհոսքի վրա։

Մասնավոր բանկային փոխանցումներով Հայաստան արտարժույթի ներհոսքի առաջատար երկրներն են Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը։ Հունվար-հոկտեմբերին Ռուսաստանի մասնաբաժինը ներհոսքի կառուցվածքում կազմել է 42 տոկոս, իսկ ԱՄՆ-ինը՝ 28 տոկոս։ Ընթացիկ տարվա ամիսներով Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից տրանսֆերտների առավելագույն արժեքը հուլիսին նվազել է՝ համապատասխանաբար 88.0 մլն դոլար եւ 53.9 մլն դոլար (տես գրաֆիկը):