Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում անցկացվող Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը, որ նախաձեռնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, գործընկերային հարաբերությունների և հայաստանյան շուկայում խոշոր ներդրումների լուրջ հարթակ է դարձել: Համաժողովի կազմակերպիչներն ամենօրյա ջանքեր են գործադրում ոչ միայն նոր համատեղ ձեռնարկների հաջողությունն ապահովելու, այլև արդեն գոյություն ունեցող ձեռնարկների ընթացքում առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ:

Մասնավորապես, հայկական սարքաշինության առաջատարներից մեկի՝ Էջմիածնի սարքաշինական գործարանի և ՌԴ Արզամասի սարքաշինական գործարանի միջև այս տարվա սկզբին համագործակցության հուշագիր է ստորագրվել, սակայն միջպետական պայմանագրում (Договор между Российской Федерацией и Республикой Армения о развитии военно-технического сотрудничества от 25 июня 2013 г.) առկա բացթողումների պատճառով լուրջ տնտեսական հեռանկար ունեցող գործարքը չի կայանում:

Գործարանի գլխավոր տնօրեն Միքայել Ղազարյանը համապատասխան առաջարկությունների փաթեթը ներկայացրել է համաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում վերջերս Հայաստան այցելած ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Գ. Նիկիտինին:

Պարոն Ղազարյանը խոսել է խնդիրների և Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովից /հոկտեմբերի 5-7, Երևան/ ունեցած սպասելիքների մասին:

-Պարո՛ն Ղազարյան, Էջմիածնի սարքաշինական գործարանը ԵԱՏՄ որևէ երկրի հետ պայմանագիր, գործընկերներ ունի՞:

-Էջմիածնի սարքաշինական գործարանը ոչ միայն հիմա ԵԱՏՄ երկրներում, այլ 1966-ից մինչև հիմա աշխատում է, և շարունակելու է աշխատել բոլոր այն գործարանների հետ, որոնք օգտագործում են մեր արտադրանքը: Քանի որ մենք արտադրում ենք ավիացիային վերաբերող արտադրանք, ԵԱՏՄ երկրներից հիմնականում Ռուսաստանի հետ ենք աշխատում:

Գիտենք, որ մարտ ամսից համագործակցության պայմանավորվածություն ունեք, բայց դժվարություններ են ծագել: Ո՞ր ընկեության մասին է խոսքը:

-Դժվարություններ են առաջանում ոչ թե ընկերության, այլ միջպետական հարաբերությունների, Հայաստան-Ռուսաստան Ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի հետ կապված, որը չունի այն համապատասխան կետերը, որոնցով մենք կարող էինք փոխանակվել կոնստրուկտորական փաստաթղթերով, տեխնոլոգիաներով: Արզամասի սարքաշինական գործարանի հետ համագործակցության հարցով դիմել ենք ՀՀ պաշտպանության նախարարություն, նրանք դիմել են ՌԴ պաշտպանության նախարարության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայություն (ФСВТС России), բայց դեռ որևէ տեղաշարժ չկա:

Այդ փաստաթղթերն իրենց մեջ գաղտնի՞ք են պարունակում, թե՞ այլ արձանագրություններ կան, որոնց չեն համապատասխանում:

-Ոչ մի արձանագրություն չկա, որտեղ գրված լինի, որ ռուսական և հայկական ընկերությունները համագործակցության շրջանակներում կարող են կոնստրուկտորային փաստաթղթեր փոխանակել: Կան 1998 թվ. և 2012 թվ. որոշումներ (закон №114-Ф3 от 19.07.1998г. “О военно-техническом сотрудничестве Российской Федерации с иностранными государствами” статья 6 и федеральный закон №275-ФЗ от 29.12.2012 г. “О государственном оборонном заказе”, статья 2), որոնք արգելում են արտասահմանյան երկրների հետ նմանատիպ գործունեություն ունենալ /կոնստրուկտորական փաստաթղթեր փոխանակել/:

Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինը Հայաստան այցի շրջանակում միակ գործարանը, որ այցելեց, հենց Էջմիածնի սարքաշինական գործարանն էր: Նա այդ հարցի վերաբերյալ ի՞նչ լուծում առաջարկեց:

-Իրենք ոչ մի լուծում չեն առաջարկել, բայց պատրաստակամություն են հայտնել՝ օժանդակել հարցը տեղից շարժելու գործում: Բոլոր հարցերի, նամակագրությունների պատճեններն իրենց ենք փոխանցել, սպասում ենք պատասխանի:

Մոտավորապես ի՞նչ ծավալի ներդրման մասին է խոսքը:

-Ներկայիս պայմանավորածության շրջանակում այն կլինի մոտավորապես 500 մլն ռուբլու սահմաններում:

Իսկ դա գործարանի համար մե՞ծ թիվ է:

-Կարծում եմ, որ դա Հայաստանի համար էլ է մեծ թիվ, որի շնորհիվ շուրջ 500 աշխատատեղ կստեղծվի՝ երկարաժամկետ հեռանկարով:

Ձեր գործարանը դեռ խորհրդային տարիներին էր հայտնի իր արտադրանքով:

-Որոշ տեսականիով հայտնի էր, բայց առանձին մասեր էինք արտադրում: Հիմա ուզում ենք աբողջությամբ արտադրել: Ռուսաստանի մեր գործընկերը համաձայնությունը տվել է, միասին արձանագրություն ենք ստորագրել, որ կոնստրուկտորային փաստաթղթերը փոխանցեն մեզ: Հիմա այդ կետերի հիման վրա սպասում ենք, թե երբ պետք է որոշում ընդունեն:

Հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում կայանալու է Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որը կազմակեպում է Արա Աբրահամյանը, ձեր առաջարկները ներկայացնելո՞ւ եք այնտեղ:

Մենք բոլոր  ճանապարհները փորձելու ենք հաղթահարել, օգտագործել, որպեսզի հաջողության հասնենք: Ճիշտ կլինի, որ համաժողովին ներկա լինի նաև ՌԴ պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների բաժնի ներկայացուցիչը, ով զբաղվում է այդ հարցերով, որպեսզի մենք կարողանանք մեր հարցերն ուղղել նրան: