Բոլորին է հայտնի, որ Հայաստանից արտագաղթի պատճառները հիմնականում տնտեսական բնույթ են կրել: Բնակչության զանգվածային արտահոսքի առաջին ալիքն ընկավ «մութ ու ցուրտ» 90-ականներին։ Հետո հետագա «նորմալ» տարիներին այդ գործընթացը նկատելիորեն դանդաղեց։

Վաղուց իրականացված հարցման արդյունքների համաձայն՝ արտագաղթողների ավելի քան 72%-ը նշել է հեռանալու հետեւյալ պատճառները՝ աշխատանքի բացակայություն կամ հայրենիքում արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ եկամուտների անբավարարություն։ Սա հիմնական գործոնն է: Կան նաեւ արտագաղթի երկրորդական պատճառներ։ Ասենք «ընտանիքի վերամիավորում»։

Իհարկե, յուրաքանչյուր հարցման մեջ սուբյեկտիվություն կա՝ մարդկային գործոնով պայմանավորված։ Օրինակ, ասենք, արտագաղթի վերը նշված պատճառներից մեկը ընտանիքների վերամիավորումն է: Սակայն ընտանիքները «ինչ-ինչ պատճառներով» վերամիավորվում են ոչ թե Հայաստանում, այլ օտար երկրներում։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, որտեղ արտագաղթողների կյանքի որակն անհամեմատ ավելի լավ է, քան հայրենիքում։ Այսինքն՝ տվյալ դեպքում գործում են սոցիալ-տնտեսական բնույթի գործոններ։

Արտագաղթի վերոնշյալ պատճառներին անցյալ տարվանից ավելացել է նորը, շատ ավելի ծանրը՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքները։ Սահմաններին չդադարող սադրանքները, մոտ ապագայի անորոշությունը ստիպում են շատերին ապրելու ապահով վայր փնտրել։ Այդ թվում` երկրի սահմաններից դուրս:

Պատահական չէ, որ ընթացիկ տարվա վերջին ամիսներին կտրուկ թռիչք է արձանագրվել Ռուսաստանի քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների թվաքանակում։ Սա հստակ երեւում է ստորեւ բերված գրաֆիկից, որը ցույց է տալիս այս ցուցանիշի դինամիկան 2017-2021 թվականների հունվար-սեպտեմբերի համար։

Կատարվողի ամբողջական պատկերացման համար ամփոփենք 2017-2020 թվականների տարեկան ցուցանիշները, դրանց ավելացնենք ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի տվյալները։ Արդյունքը բնակչության փոքր թվով մեր երկրի համար բառացիորեն աղետալի է՝ 141 000 մարդ, որոնք Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել։

Նկատենք, որ հաշվետու ինը ամիսների ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն ընդունածների թիվը (ավելի քան 34,1 հազար մարդ) գերազանցել է մոտակա հետահայաց տարեկան ցուցանիշները։ Այսպես, առավելագույն մակարդակը դիտվել է անցյալ տարի՝ 30 500 մարդ։ Այսինքն՝ ընթացիկ տարվա համար այս ոլորտում արդեն վաղաժամ «հակառեկորդ» է սահմանվել։

Հաշվետու հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանը փլուզված ԽՍՀՄ նախկին հանրապետությունների շարքում բացարձակ ցուցանիշով զբաղեցրել է 4-րդ տեղը։ Այս վարկանիշով մեզնից առաջ են Ուկրաինան (293 000 մարդ), Տաջիկստանը (գրեթե 70 000 մարդ) եւ Ղազախստանը (36 000-ից պակաս մարդ)։ Սակայն, Հայաստանի բնակչության ընդհանուր թվաքանակում (1,2% հունվար-սեպտեմբերին) «Ռուսաստանի քաղաքացիների» տեսակարար կշռով մենք վարկանիշում զբաղեցնում ենք ոչ պատվավոր 1-ին տեղը։

Ուկրաինայում եւ Ղազախստանում ռուսական սփյուռքը կազմում է բնակչության զգալի մասը, ինչով կարելի է բացատրել ցուցանիշի բարձր բացարձակ մակարդակը։ Ի տարբերություն նրանց, Հայաստանը մոնոէթնիկ երկիր է՝ հայերը միշտ էլ կազմել են բնակչության ճնշող մեծամասնությունը (այս տարվա սկզբին՝ ավելի քան 98%)։

Իրենց նախկին պատմական հայրենիք էթնիկ ռուսների վերադարձի գործընթացը, ինչը բնորոշ է նախկին խորհրդային հանրապետություններին, Հայաստանում տեղի ունեցավ դժվարին 90-ականներին: 1989 թվականին Հայաստանում ռուսների թվաքանակը հասել էր գրեթե 52 000-ի, իսկ 2010 թվականին՝ արդեն 12 000-ից պակաս: Հասկանալի է, որ իրենց պատմական հայրենիք վերադարձած էթնիկ ռուսների թիվը վերջին տասնամյակի եւ այս տարվա ընթացքում կլինի այս թվի սահմաններում: Այնպես որ, Ռուսաստանի քաղաքացիություն ճնշող մեծամասնությամբ ընդունել են Հայաստանի բնիկները։

Եզրակացությունը միանշանակ է՝ եթե մոտ ապագայում երկրում տիրող ծանր իրավիճակում հիմնավոր դրական տեղաշարժեր չլինեն, դա կարող է հանգեցնել արտագաղթի մասշտաբների հետագա ընդլայնման։