Այսօր կայացած մամուլի ասուլիսին ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևին հարց ուղղեցին կապված հայ-ռուսական հարաբերությունների մասին, մասնավորապես, թե որ ոլորտներում առկա պոտենցիալը պետք է առաջնահերթ համարել.

«Մեր հարաբերությունները վերելք են ապրում: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանն իրեն գտավ ԵԱՏՄ-ում որպես արագ զարգացող տնտեսություն՝ շատ տաղանդավոր մարդկանցով: Այսօր վերակենդանանում են կոոպերատիվ կապերը, որոնց հիմքը դրվել է խորհրդային ժամանակաշրջանում և այն գիտա-տեխնիկական ներուժը, որ Հայաստանում պահպանվել է օգնում է ռուս գործընկերներին վերականգնել արտադրությունը նեոտեխնոլոգիական ոլորտում: Հայաստանն իրեն հարմարավետ կզգա եվրասիական միությունում:

Նշենք նաև, որ Հայաստանի ներկայացուցիչն այսօր ղեկավարում է ԵՏՀ հանձնաժողովը: Ինչը նաև որոշակի պարտավորությունններ է ենթադրում, մասնավորապես, ԵԱՏՄ-ի ներուժի մաքսիմալ օգտագործում», – ասաց Սերգեյ Գլազևը:

Անդրադառնալով հարցին, որ ներկայումս Ռուսաստանը շահագրգռված չէ ԼՂ կոնֆլիկտի կարգավորմամբ, քանի որ մշտապես զենք է վաճառում Ադրբեջանին, Գլազևը ասաց.

«Ռուսաստանին պետք չեն կոնֆլիկտներ, և մեր դիրքորոշումը այն է, որ կոնֆլիկտները, որոնք առկա են հետխորհրդային տարածքում, պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, փոխզիջումներ գտնելու ճանապարհով: Մենք հետաքրքրված ենք, որպեսզի որևէ կոնֆլիկտ չլինի: Ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական հարցերին մենք անդրադառնում ենք փոխադարձ հետաքրքրությունների տեսանկյունից», – նշեց Գլազևը:

Արա Աբրահամյանը հավելեց, որ այժմ, երբ ԱՄՆ-ն հերթական պատժամիջոցներն է ներդրել Ռուսաստանի դեմ, անկախ այդ հանգամանքից բոլոր կողմերը շահագրգռված են ԼՂ կոնֆլիկտի լուծման հարցում:

«Ռուսաստանը որևէ պարագայում հետաքրքրված չէ ԼՂ կոնֆլիկտի սրմամբ: Դա միանշանակ է: Ես ևս զբաղվում եմ այդ հարցով և միանշանակ կարող եմ ասել, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Մինսկի խմբի որևէ երկիր շահագրգռված չէ ԼՂ լկոնֆլիկտի սրմամբ», – ընդգծեց Արա Աբրահամյանը: