Խոշոր ոչ ռեզիդենտ կորպորացիաները, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, հաշվարկելու և վճարելու են ԱԱՀ ՀՀ պետական բյուջե։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ որոշակի տարընկալումներ են ստեղծվել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի առնչությամբ, որով ներդրվում է ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների (B2C) ԱԱՀ-ով հարկման հստակ կառուցակարգեր, որի հիման վրա էլ մշակվելու և ներդրվելու է ԱԱՀ վճարման էլեկտրոնային հարթակ։

«Հարկային պարտավորություն առաջանալու է բացառապես ոչ ռեզիդենտ ընկերությունների համար։ Կից նկարում կարող եք տեսնել հենց այս պահին մատուցվող էլեկտրոնային ծառայության օրինակ, որտեղ ինչպես տեսնում եք, հաշվարկվում է ԱԱՀ (VAT), սակայն հստակ հարկման մեխանիզմի բացակայության պարագայում այդ հարկը չի մտնում ՀՀ պետական բյուջե։ Փոփոխությունից հետո նշված գումարները կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե, ֆիզիկական անձանց համար որևէ լրացուցիչ բեռ չի սահմանվում։

Այս փոփոխությունները հնարավոր են դարձել խոշոր ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համագործակցության, վերջիններիս համար հարմարավետ էլեկտրոնային հարթակ ապահովելու շնորհիվ»,-գրել է Բադասյանը։