=Իջևանում այսօր՝ նոյեմբերի 9-ին, տեղի ունեցավ ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի մարզային մեկնարկը Տավուշի մարզում։ Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ տկն․ Սիլյա Կասմանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ տկն․ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի մասնագիտական խմբի ղեկավար պրն․ Մորթեն Հարտվիգսենը, ներկայացուցիչներ  ՀՀ կառավարությունից, Տավուշի մարզային կառույցներից, համայնքների և բնակավայրերի կառավարման մարմիններից, բիզնես համայնքից,  քաղաքացիական հասարակությունից և կրթական ոլորտից։

Միջոցառման նպատակն էր մասնակիցներին, ծրագրի թիրախային խմբերին, պոտենցիալ շահառուներին և հանրության լայն շերտերին ներկայացնել ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի նպատակները, խնդիրները, նախատեսված միջոցառումները և մինչ այժմ իրականացված գործողությունները։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ տկն․Սիլյա Կասմանը ողջունեց միջոցառման մասնակիցներին՝ վերահաստատելով Եվրոպական միության հանձնառությունն օժանդակելու Հայաստանում համաչափ տարածքային զարգացմանը: Նա նշեց, որ տեղական և մարզային զարգացումը հանդիսանում է ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթություններից, Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և 2021-27թթ ԵՄ-Հայաստան համագործակցության ինդիկատիվ գործողությունների պլանի առանցքային մաս։ «ԵՄ-ն լայնածավալ ծրագրեր է իրականացրել Տավուշի մարզում՝ նպատակ ունենալով զարգացնել ՓՄՁ-ները, տուրիզմը, գյուղատնտեսությունը։ Այս ծրագիրը ևս կնպաստի համայնքների կայուն սոցիալ տնտեսական զարգացմանը՝ հիմնվելով ԵՄ երկրներում փորձարկված և հաջողությամբ կիրառվող «LEADER» մեթոդաբանության վրա»։

Ողջույնի խոսքում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն․ Նաթիա Նացվլիշվիլին ասաց. «Որպես ծրագրի հիմնական իրականացնող ՝ ՄԱԶԾ-ն կկիրառի տասնամյակների իր հարուստ փորձն՝ ուղղված գյուղական համայնքների զարգացմանը։ Ավելին, Հայաստանում առաջին անգամ   փորձնական կարգով կկիրառվի Եվրոպական միության «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ)  մեթոդաբանությունը, որն արդյունավետորեն փորձարկվել և հաջողությամբ իրականացվել է եվրոպական շատ երկրներում: Մենք վստահ ենք, որ մեր գործընկերների՝ Եվրոպական միության,  Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության,  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ազգային այլ շահագրգիռ կողմերի հետ միասին ձեռնամուխ կլինենք Հայաստանի հյուսիսային մարզերում էապես ազդեցիկ գյուղական զարգացմանը: ՄԱԶԾ-ն կապահովի ծրագրում ներգրավված համայնքների և բնակավայրերի բարձր ներառականությունը և մասնակցությունը, որոնք հետագայում կդառնան համայնքային զարգացման օրակարգերի և հզորացմանն ուղղված ծրագրերի ջատագովներն ու մշակողները»:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի մասնագիտական խմբի ղեկավար պրն․Մորթեն Հարտվիգսենը, ներկայացնելով կազմակերպության առաքելությունն՝ ուղղված գյուղատնտեսության զարգացմանը և պարենի ապահովությանը, նշեց, որ ՊԳԿ-ն, հանդիսանալով ծրագիրն իրականացնող կողմ, իր ջանքերն ուղղելու է դեպի ներառական համայնքային զարգացում՝ հաշվի առնելով գյուղական համայնքներում առկա հնարավորություններն ու խնդիրները և ապահովելով բոլոր ոլորտների ներառումը ծրագրում, մասնավորապես, ընդգրկելով փոքր և միջին ձեռնարկությունները ոչ միայն գյուղատնտեսության, այլ նաև այլ ոլորտներում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար պրն․ Վաչե Տերտերյանը նշեց, որ ծրագիրը հույժ կարևոր է Հայաստանի կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում։ «Հայաստանի հյուսիսային մարզերում՝ շնորհիվ Եվրոպական միության և այլ գործընկերների ֆինանսավորման և կառավարության ջանքերի, իրականացվում են բազմազան զարգացման ծրագրեր, որոնց արդյունքներն արդեն իսկ շոշափելի են։ Տավուշն, ունենալով մեծ ներուժ տուրիզմի և այլ բնագավառների զարգացման համար, շնորհիվ «LEADER» ծրագրի կարող է իրագործել նոր գաղափարներ և արձանագրել հաջողություններ, հետագայում համագործակցությունն ընդլայնելով տարածաշրջանում և զարկ տալով Հայաստան-Վրաստան փոխգործակցությանը տուրիզմի զարգացման բնագավառում։ Ծրագիրը նոր մշակույթ և մտածելակերպ կձևավորի մարզային զարգացման համատեքստում»։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ևս շեշտեց ծրագրի կարևորությունը մարզի զարգացման համար՝ շնորհակալություն հայտնելով իրականացնող կողմերին և իր պատրաստակամությունը հայտնեց օգնելու և աջակցելու ծրագրի իրականացման գործընթացին։

Իր գործունեության 48 ամիսների ընթացքում ծրագիրը  կնպաստի ներառական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչը կհանգեցնի կյանքի որակի բարելավմանը Լոռու և Տավուշի մարզերի համայնքներում և բնակավայրերում՝ տեղի բնակչության, ներառյալ փոքրամասնությունների ու խոցելի խմբերի, բիզնես համայնքի և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ և ներգրավմամբ: Այս ամենը կիրականացվի  Լոռու և Տավուշի համայնքներից ու բնակավայրերից վերոնշյալ   ներկայացուցիչներից կազմված Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) ձևավորմամբ:

Ծրագրից ակնկալվող արդյունքներն են՝ տարածքային զարգացման առնվազն հինգ   ռազմավարական ծրագրերի մշակումը,  հինգ Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) ձևավորումը,  շուրջ 1000 բնակչի  համապատասխան հմտությունների զարգացումը՝ տեղական զարգացմանն ակտիվորեն նպաստելու համար, մարզային և կենտրոնական կառավարման մարմինների  70 ներկայացուցչի    հմտությունների կատարելագործումը, շուրջ 150 տեղական նախաձեռնության ֆինանսավորումը։ Բացի այդ, Քովիդ-19 համավարակի հետվերականգնողական միջոցառումների շրջանակներում ծրագիրն աջակցություն կցուցաբերի 160 ընկերության,  կստեղծվի  200 նոր աշխատատեղ, աջակցություն կստանա     շուրջ  3000 տեղացի բնակիչ։

ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի մասին

ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագիրը   ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից՝

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրը գործողությունները համակարգում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում՝ որպես Եվրոպական միության «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ) հայեցակարգի մաս և նպատակ է հետապնդում Տեղական դերակատարներին ու  բնակչությանն ակտիվորեն ներգրավել զարգացման գործընթացներում, ստեղծել տեղական զարգացմանն օժանդակող ենթակառուցվածքներ և բարելավել համապատասխան նախարարությունների ու մարմինների կարողություններն՝ ի նպաստ Հայաստանում ԵՄ ՀԱՏԶ մոտեցման հաջող իրականացմանը և կայունության ապահովմանը։