Տնտեսության վերականգնման հետպատերազմյան գործընթացի պայմաններում Հայաստանը բազմաթիվ փորձությունների միջով է անցնում ինչպես ներքին քաղաքական-տնտեսական տարբեր գործոնների եւ միտումների, այնպես էլ արտաքին անբարենպաստ ազդեցությունների պատճառով։ Այս պայմաններում կարեւոր գործոն է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը։ Այս մասին այսօր «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության յոթ տարիները. եվրասիական ինտեգրումը երեկ, այսօր, վաղը» համաժողովի ժամանակ ասաց տնտեսագետ, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։

Նրա խոսքով՝ արդեն ինտեգրման առաջին տարիներին՝ չնայած գործարար ակտիվության աճի դանդաղմանը թե՛ հետխորհրդային տարածքում, թե՛ համաշխարհային տնտեսության մեջ, Հայաստանի տնտեսությունում որոշ դրական միտումներ են նկատվում։

Մեջբերելով վիճակագրական տվյալները՝ նա հիշեցրեց, որ այս տարվա սեպտեմբերի կեսերին ՀՀ կենտրոնական բանկը բարելավել է 2021 թվականի արդյունքներով տնտեսական աճի իր կանխատեսումը մինչեւ 5,4%։ Իսկ Համաշխարհային բանկը հոկտեմբերին վերանայել է 2021 թվականի համար Հայաստանի ՀՆԱ  աճի տեմպի ապրիլյան կանխատեսումը՝ 3,4%-ից հասցնելով 6,1%-ի, 2022 թվականի համար ակնկալում է տնտեսական աճ 4,8%-ով, իսկ 2023 թվականին՝ 5,4%-ով։

«2021 թվականի համար կանխատեսվում է 6,3% գնաճ, 2022 թվականին՝ 4,2%, իսկ 2023 թվականի համար՝ 4,0%։ ԱՄՀ-ն հոկտեմբերին կանխատեսում էր, որ 2021 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 6,5%-ով, իսկ 2022-ին՝ 4,5%-ով»,-ասաց նա։

Մանասերյանը նաեւ նշեց, որ ՎԶԵԲ-ը նոյեմբերին տարածաշրջանային տնտեսական հեռանկարների վերաբերյալ իր զեկույցում կանխատեսել էր, որ 2021 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5%-ով, իսկ 2022 թվականին՝ 5,3%-ով։ ԵՏՀ-ի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը 2021 թվականին կաճի 4%-ով։ «2021 թվականին Հայաստանն արդեն գրանցել է ԵՏՄ երկրների հետ առեւտրի եւ համագործակցության աճի կայուն տեմպեր. 2021-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի եւ ԵՏՄ երկրների միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12,8%-ով։ Հայաստանից ԵՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալներն այս տարվա 9 ամիսներին աճել են 27,8%-ով։ Աճ է գրանցվել ԵՏՄ-ից բոլոր գործընկերների մասով․ դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 27,4%-ով, դեպի Բելառուս՝ 19,2%-ով, դեպի Ղազախստան՝ 89,5%-ով, դեպի Ղրղզստան՝ 48,0%-ով։ Սա վկայում է ոչ միայն ԵՏՄ շրջանակում առեւտրային համագործակցության զարգացման, այլ նաեւ նոր հնարավորությունների առկայության մասին, որոնք գործածվել են համաշխարհային տնտեսության գլոբալ կառուցվածքային փոփոխությունների պայմաններում»։

Նշենք, որ համաժողովը կազմակերպել են «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպությունը եւ Եվրասիական փորձագիտական ​​ակումբը։