Երևանի 2022թ. բյուջեի, համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների, ինչպես նաև Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի մասին ավագանու որոշման նախագծերը ներկայացվել են հանրային քննարկման:

Որոշումը միաձայն ընդունվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների կողմից: Նախքան այդ նրանք իրենց հարցերն ու առաջարկներն են ուղղել քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում բարեփոխումների վերաբերյալ, այդ թվում առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, զբոսաշրջություն:

Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը, պատասխանելով խորհրդի անդամների հարցերին, նշել է, որ այն խնդիրները, որոնց կարգավորումը քաղաքապետարանի իրավասության շրջանակում է կդիտարկվեն և կներառվեն հետագա ծրագրերում:

Նշվել է նաև, որ զարգացման ծրագրով և բյուջեով առաջնահերթ ուղղություններն են մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների նորոգումն ու վերակառուցումը, վերելակների փոխարինումը, տրանսպորտային համակարգի բարեփոխումները, բակերի և հանգստի գոտիների վերականգնումն ու ստեղծումը, ջրահեռացման համակարգերի փոխարինումը, ճանապարհաշինությունն ու փողոցների բարեկարգումը:

Ծանոթանալ նախագծերին և դրանց վերաբերյալ առաջարկություններ ուղարկել հնարավոր է նոյեմբերի 5-ը ներառյալ www.yerevan.am , www.e-draft.am  կայքերով, էլեկտրոնային փոստով ([email protected] , [email protected] , [email protected] ), ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան:

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 15.00-ին, Երևանի քաղաքապետարանում (Արգիշտիի փողոցի հ. 1 հասցե) տեղի կունենան հանրային բաց լսումներ: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 8-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011 514-155 հեռախոսահամարով: