Եվրասիական զարգացման բանկից Հայաստանի ստացած վարկային փաթեթն արդեն 490 մլն դոլար է կազմում: Այս մասին դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում «Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց Հայաստանում ԵԶԲ ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Իգնատովը: Լսումների կազմակերպիչներն են ԵԱՀԿ-ի Երեւանի նորկայացուցչությունը եւ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի հայկական մասնաճյուղը:

Եվրասիական կայունության եւ զարգացման հիմնադրամի միջոցներից բանկի վարկային ընդհանուր ծավալը հասել է գրեթե 2,7 մլրդ դոլարի, որից մոտ 2 մլրդ-ը բաժին է ընկնում Բելառուսին, 180 մլն-ը՝ Ղրղզստանին եւ 490 մլն-ը՝ Հայաստանին: Այդ թվում՝ 150 մլն-ը բաժին է ընկնում «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու 4-րդ հերթի շինարարությանը (վարկի 2-րդ տրանշը նախօրեին է հատկացվել): ԵԶԲ-ը ֆինանսավորում է Մեղրի-Քաջարան մայրուղու ծայր հարավային հատվածի շինարարությունը (Իրանի սահմանից Սյունիքի մարզի լեռնային շրջաններ): Եվս 40 մլն դոլար հատկացվել է ոռոգման ցանցի զարգացման համար (ոռոգվող տարածքների մեծացում 10 հազար հեկտարով): 300 մլն դոլար տրվել է որպես բյուջետային վարկ՝ 100-ական մլն դոլար 2016-2018 թվականներին: