Եվրամիությունն ավելի բաց է դառնում Եվրասիական տնտեսական միության հետ երկխոսության համար: Այս մասին երեքշաբթի Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով կլոր սեղանի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ի պատասխան հարցին՝ Եվրամիության փլուզման դեպքում ԵՏՄ-ին եվրոպական պետությունների միանալու հնարավորության մասին, Լավրովը նշել է, որ այդ իրավիճակը չարժե դիտարկել նույնիսկ տեսականորեն:

Նախարարի խոսքով՝ ամենաճիշտը կլինի ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ շփումների հաստատումը: «Այդպիսի առաջարկներ քննարկվել են դեռեւս 2015 թվականին, դրանք Բրյուսելում շարունակում են դիտարկել նաեւ հիմա: ԵՏՄ-ն՝ ի դեմս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մի քանի անգամ համապատասխան նախաձեռնություններ է առաջադրել Եվրոպական հանձնաժողովի քննարկմանը»,- նշեցրել է նա:

«Սկզբում ուղղակի բացասական վերաբերմունք էր,- շարունակել է ՌԴ ԱԳ նախարարը: – Այնուհետեւ այն բանից կախված, թե Բրյուսելում ինչպես գիտակցեցին, որ ԵՏՄ անդամ երկրները մեծ թվով պրակտիկ գործառնություններ պատվիրակում են վերազգային մակարդակում, Բրյուսելն ավելի բաց դարձավ ԵՏՀ-ի հետ երկխոսության համար, բայց առայժմ այնպիսի տեխնիկական հարցերով, ինչպես տեխնիկական կանոնակարգերը, տարբեր ճյուղերի կարգավորումները եւ այլն: Բայց սա արդեն ինչ-որ բան է, այնպիսի գործնական բաներ են, որոնցից կարելի է ելնել եւ մեծացնել փոխգործակցությունը»:

Լավրովը նշել է, որ Մոսկվան հանդես է գալիս ամբողջ Եվրասիական մայրցամաքում ռազմավարական գործընկերության զարգացման օգտին: «Կարծում եմ, որ այս ճանապարհին թե՛ Եվրամիությանը հեշտ կլինի լուծել իր ներքին խնդիրները, թե՛ նաեւ ԵՏՄ-ն համագոծակցության համար ավելի բաց կլինի նաեւ սեփական անդամ երկրների շահերի շրջանակում»,- ամփոփել է նա: