Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի շրջանակում կայացավ կլոր սեղան՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների ամրապնդման և զարգացման խնդիրների թեմայով՝ ծնունդով Հայաստանի սահմանամերձ շրջանների՝ այժմ Ռուսաստանում գործարարությամբ զբաղվողների մասնակցությամբ:

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ չորս մարզի գյուղեր այսօր գտնվում են արտակարգ իրավիճակում:

«Աշխարհում ամենակարևոր խնդիրն անվտանգությունն է: Եթե անվտնագությունն ամեն ինչ չէ, բայց ամեն ինչ առանց անվտանգության ոչինչ է: Մենք պետք է կարողանանք այդ մարդկանց համար գոնե այնտեղ բնակվելու տարրական պայմաններ ստեղծել: Ես շատ կուզեի, որ մենք բոլորս ի սրտե մոտեցում ցուցաբերեինք այս խնդրի համար»,-ասաց Արա Աբրահամյանը:

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն էլ իր հերթին նշեց, որ մարզում խնդիրները շատ են, բնակչության թիվը նվազել է: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, այն գյուղերում, որտեղ գործարարների ազդեցությունը կա, աճող գյուղեր են:

Ռուսաստանի հայերի միության Օմսկի շրջանի տարածքային մասնաճյուղի ղեկավար Արայիկ Տոտոյանի խոսքով՝ այսօր կան մարտահրավերներ, որոնք պահանջում են կայծակնային արագությամբ կողմնորոշվել այս կամ այն հարցում, քանի որ մեծ խնդիրներ կան սահմանամերձ գյուղերում:

«ՀՀ սահմանամերձ գյուղերում խնդիրները բազմաթիվ են՝ գազը, լույսը, ջուրը, մանկապարտեզները, հիվանդանոցները և այլն: Այսօր մենք ունենք մի շարք խնդիրներ, և հույս ունեմ, որ, այստեղ հավաքվելով, կամփոփենք դրանք և կփորձենք լուծումներ տալ: Մենք պետք է զարգացնենք մեր սահմանամերձ և մնացած բոլոր գյուղերը»,- նշեց նա:

Վերջինս ՀՀ Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղից է և մեծ խնդիր է համարում այդ գյուղից բազմաթիվ գետաշենցիների արտագաղթը: Նա ընդգծեց, որ իրենք տարբեր պայմաններով միջոցներ են ստեղծում, որպեսզի բոլորը վերադառնան հայրենի գյուղ և շարունակեն աշխատել Հայաստանում: Նա նշեց, որ պետք է ֆերմաներ ստեղծել, որպեսզի գյուղի բնակչությանը հնարավորություն տրվի զարգանալ և սեփական գյուղը զարգացնել:

Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի շրջանի տարածքային մասնաճյուղի ղեկավար Գեորգի Անտոնովն էլ ընդգծեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հետ պայմանավորվել են, որ պատասխանատվություն պետք է կրեն Արարատի մարզի Երասխ գյուղին օժանդակելու և այն բարելավելու համար:

«Երասխի գյուղապետի հետ արդեն իսկ պայմանավորվածություն ունենք, որպեսզի նա մեզ տարածք տրամադրի, որտեղ մենք արտադրություն կսկսենք: Նորագույն արտադրություն է լինելու՝ կոմպոզիտային ամրանների, ինչով Հայաստանում զբաղվում է մեկ կազմակերպություն: Այդպիսով մենք պետությանը հարկ կվճարենք, աշխատատեղեր կստեղծենք»,- շեշտեց Գեորգի Անտոնովը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների զարգացման և ամրապնդման հարցերին նվիրված առաջին լայն քննարկումը կայացել է Մոսկվայում՝ հուլիսի 8-ին, որին ներկա է եղել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ իր ղեկավարած պատվիրակությամբ:

Արա Աբրահամյանի բացման խոսքն ամբողջությամբ՝ ստորև.

Հարգելի հայրենակիցներ,

տիկնայք և պարոնայք

Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ, ընթացիկ տարվա հուլիսի 8-ին, Մոսկվայում կայացավ Հայաստանի սահմանամերձ, կամ ինչպես հաճախ ասում են սահմանապահ համայնքների զարգացման ու ամրապնդման հիմնախնդիրների լուծմանը նվիրված ներկայացուցչական բիզնես ֆորում, որի աշխատանքներին մասնակցում էին ռուսաստանաբնակ հայ գործարարներ: Ֆորումի աշխատաքներին մասնակում էին նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցչական պատվիրակությունը` հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ: Ֆորումն անցավ գործնական մթնոլորտում, մասնակիցներն շահագրգիռ վերաբերմունք ցուցաբերեցին առաջադրված խնդիրների նկատմամբ:

 Ես այն ժամանակ հայտարարեցի, որ ներկա ֆորումի մասնակիցները կհրավիրվեն ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ ֆորումին, որտեղ մյուս կարևոր հարցերի հետ միասին կքննարկվեն նաև Հայաստան երկրի սահմանամերձ համայնքներում գոյություն ունեցող խնդիրները: Եվ ահա այսօր մենք նորից հավաքվել ենք քննարկելու մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրները, այս անգան արդեն սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ համատեղ, որոնք մասնակցում են ներկա Կլոր սեղանի աշխատանքներին: Ենթադրում եմ, որ համատեղ քննարկումն ավելի արդյունավետ պետք է լինի:

Ուզում եմ մեր Կլոր սեղանի մասնակիցներին մեկ անգամ ևս ասել, որ մենք պետք է առանձնակի մոտեցում ցուցաբերենք սահմանամերձ համայնքների զարգացմանն ու ամրապնդմանը, ինչը շարունակում է կարևոր խնդիր մնալ ինչպես մեր հայրենիքի տնտեսական զարգացման, այնպես էլ ազգային անվտանգության տեսանկյունից:

Սահմանամերձ համայնքները Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով այն համայնքներն են, որոնք գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ: Նման համայնքներ կան ՀՀ չորս մարզերում, որոնց գորակշիռ մասը գտնվում են Տավուշի մարզում:

Այդ բնակավայրերի բնակիչները գտնվում են կյանքին և գույքին սպառնացող մշտական վտանգի ներքո, ինչն էականորեն սահմանափակում է սեփական բարեկեցությունն ապահովելու նրանց հնարավորությունները, տեղիք տալով գործազրկության, արտագաղթի, աղքատության տեմպերի աճի: Եվ միանգամայն բնական է, որ Հայաստանի իշխանություններն առանձնակի մոտեցում են ցուցաբերում այդ բնակավայրերի զարգացմանն ու ամրապնդմանը, բնակչության սոցիալական աջակցությանը:

Մինչդեռ կյանքը ցույց է տալիս, որ սահմանամերձ համայնքների բնակիչներին ոչ միայն օգնություն է պետք, այլ աշխատելու հնարավորություն: Աշխատատեղերի սակավության պատճառով սահմանամերձ մարզերում գործազրկությունը հասել է հսկայական չափերի: Իսկ գործազրկության պատճառով սահմանամերձ համայնքներում մեր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներից մեկն է դարձել արտագաղթը:

Առանց վերապահման կարելի է ասել, որ արտագաղթի հիմնական պատճառը հակառակորդի կրակոցները չեն, այլ գործազրկությունն է և որպես հետևանք սոցիալական դժվար վիճակը, աղքատության տեմպերի աճը: Արտագաղթի տխուր հետևանքներից մեկը սահմանամերձ համայքների ծերացումն է, որն իր հերթին բերել է աշխատուժի ծերացման:

Ինչպես ցույց են տալիս հիշատակված փաստերը, սահմանամերձ համայնքերի զարգացման ու ամրապնդման հիմնական ճանապարհը ներդրումային քաղաքականության ակտիվացումն է, աշխատատեղերի պատրաստումն  ու գործազրկության նվազեցումը, արտագաղթի կանխումը:

Այսօր օտարերկրյա ներդրումների լուրջ ակնկալիքներ չենք կարող ունենալ բարձր ռիսկայնության պատճառով, ուստի սփյուռքում ապրող մեր հայ գործարարները պետք է մոբիլիզացնեն իրենց ուժերը և օգնեն ծագած պրոբլեմների լուծմանը: Մենք բարեբախտաբար հայրենասիրության բազմաթիվ օրինակներ ունենք, երբ այդ համայնքներում ծնվածները լուրջ ներդրումներ են անում իրենց ծննդավայրում: Բերենք միայն մեկ օրինակ: Ռուսաստանաբնակ գործարար Սուրեն Երիցյանը մշակել է ծրագիր, որի համաձայն նախատեսել է Չորաթան և Արծվաբերդ համայնքներում ստեղծել մինչև 1500 աշխատատեղ: Արդեն գործում է բանվորական ձեռնոցների արտադրությունը, ինչի շնորհիվ աշխատանքով ապահովվել են ավելի քան 500 տավուշցիներ: Այս օրինակը պետք է վարակիչ դառնա մեր հայրենակից գործարարների համար: Պետք է օգտվել նաև այն հանգամանքից, որ Հայաստանում գործում է օրենք` “Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին”:

Թավշյա հեղափոխության արդյունքում ձևվավորվում է նոր Հայաստան: Այդ ամենը պահանջում է նաև նորացնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, համախմբել համայն հայությանը համազգային շահերի շուրջ, օգնել բոլոր հայերի հայրենիք հանդիսացող Հայաստան երկրի սոցիալ տնտեսական հզորացմանը:

Թույլ տվեք այս լավատեսական ակնկալիքներով էլ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքերի զարգացմանն ու ամրապնդմանը նվիրված Կլոր սեղանի աշխատանքները հայտարարել բացված»: