Հարցազրույց՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ:

-Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Պարո՛ն Կարայան, ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը,  որ սկսել է Արա Աբրահամյանը:

Նախարարությունը կարևորում է Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի անցկացումը Երևանում։ Համաժողով, որին իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում ոչ միայն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների, այլ նաև երրորդ երկրների պետական մարմինների, բիզնես շրջանակների ներկայացուցիչներ։

Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովը  մեծ ուշադրության արժանացավ միջազգային բիզնես հասարակության կողմից։

Լիահույս եմ, որ երկրորդ համաժողովը նույնպես կնշանավորվի համագործակցության նոր առաջարկներով և նոր նախագծերով։

-Ինչպիսի՞ն է ՀՀ կառավարության մասնակցությունը երկրորդ համաժողովին:

Երկրորդ համաժողովին նույնպես մենք պատրաստվում ենք մեծագույն պատասխանատվությամբ, քանի որ այն նպաստելու է մեր երկրների միջև բիզնես շփումների ակտիվացմանը։

Պետությունն ակտիվորեն մասնակցում է համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ ՀՀ վարչապետի կողմից շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների մակարդակով ստեղծված միչգերատեսչական աշխատանքային խումբը սերտորեն համագործակցելով համաժողովի կազմակերպիչների հետ՝ իր նպաստն է բերում միջոցառումը բարձր մակարդակով նախապատրաստելու և անցկացնելու հարցում։

Բացի պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությունը համաժողովին՝ աշխատում ենք ապահովել հանրապետության գործարար լայն շրջանակներ և աջակցելու ենք հրավիրված շրջանակների երկխոսության կայացմանը և նոր նախագծերի իրականացմանը։

Կատարված նախնական աշխատանքների շնորհիվ նախատեսվում է համաժողովի շրջանակներում, մասնավորապես՝ մի շարք հայ և ռուս արդյունաբերողների միջև կոոպերացիոն նոր պայմանագրերի ստորագրումը։

-Համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ երկրների տնտեսական բլոկի նախարարների մասնակցությունը:  Կարո՞ղ է դա համագործակցության նոր ձևաչափի հիմք դառնալ, կա՞ այդպիսի ձևաչափի անհրաժեշտություն:

Այո, իհարկե։ Մենք ակնկալում ենք, որ համաժողովի շրջանակներում ԵԱՏՄ երկրների արդյունաբերության զարգացման պատասխանատուների միջև նախատեսվող հանդիպում-քննարկումները հիմք կհանդիսանան մեր երկրների արդյունաբերության համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու և մեր երկրների արդյունաբերական ներուժը համագործակցության միջոցով՝ ավելի լայն օգտագործելու համար։

Մասնավորապես, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունների կողմից ստեղծված համատեղ աշխատանքային խմբի  մասնագետների կողմից ներկայումս իրականացվում են աշխատանքներ՝ ուղղված Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերական կազմակերպությունների միջև համագործակցությանն ընդլայնմանն ուղղված՝ «Ճանապարհային քարտեզի» մշակմանը։

-Ի՞նչ ծրագրեր է կառավարությունը կամ նախարարությունը նախապատրաստում ներկայացնել համաժողովի մասնակիցներին,  ՀՀ-ում ներդրումների ակնկալիքներով:

Համաժողովի նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքում ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում հանգամանալից քննարկվեցին երկկողմ հետաքրքրության արժանացած մի շարք մտահղացումներ, որոնց թվում են՝ հայկական ֆերմերների համար ռուսական գյուղտնտեսական մեքենաների հասանելիության ապահովման, ՌԴ կազմակերպությունների կողմից Մեղրիի ազատ տնտեսական գոտու հնարավորությունների օգտագործման, արդյունաբերական կոոպերացիայի զարգացման և այլ ուղղություններով։

Համաժողովին կլինեն առաջարկներ ոսկերչության և ադամանդագործության, ռադիոէլեկտրոնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներին առնչվող առաջարկներ, որոնց իրագործումը կապահովի լրացուցիչ ներդրումներ և նոր աշխատատեղեր։