«Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունները պետք է հաշվի առնեն գլոբալ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում»,- Երևանում մեկնարկած Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ պետությունները պարտավոր են ադապտացվել գլոբալ փոփոխություններին և միաժամանակ՝ շրջանցել դրանք ու մեկ քայլ առաջ գտնվել:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ ԵԱՏՄ-ն զարգացնելու առաջին քայլերից մեկը թվայնացումն է, որը թույլ կտա տնտեսական հոլովումը փոխել, փոխել մեր կյանքը, հին մոտեցումներն այն մասին, թե ինչպես է կազմակերպված տնտեսությունը, հասարակությունը:

«ԵԱՏՄ անդամ-պետությունների նախագահները դեկտեմբերին հանձնարարական տվեցին, որ մշակենք զարգացման ուղիներ` թվայնացման մասով: Հոկտեմբերի 11-ին մենք պետք է քննարկենք այս փաստաթուղթը:

Մեր գաղափարն այն է, որ առաջադրվեն միտումներ: Յուրօրինակ իրավիճակ է ստեղծվել, որովհետև անդամ-պետություններն ստացել են լրացուցիչ լիազորություններ, ընդլայնել են իրենց տնտեսական ինքնավարությունը: Սա նշանակում է, որ անկախ բնակչության թվից, տարածքից, մենք բոլորս ունենք հավասար իրավունքներ ու հնարավորություններ որոշումներ կայացնելու հարցում, որոնք տարածվում են ողջ ԵԱՏՄ-ի վրա: Սա թույլ է տալիս բոլորին ներկայացնել իրենց հետաքրքրությունները, իրացնել հնարավորությունները, որովհետև բոլոր պետությունները, կրկնում եմ, ունեն նույն իրավունքները Եվրասիական տնտեսական կոլեգիայի կայացման վրա ազդելու հարցում»,- շեշտեց Տիգրան Սարգսյանը: