Գերմանիայում կրիպտոարժութային արդյունաբերության գլոբալ կարգավորման կոչ են արել՝ սպառողներին պաշտպանելու, փողերի լվացումը կանխելու եւ ֆինանսական կայունությունը պահպանելու համար, հայտնում է Reuters-ը։

Գերմանիայի ֆինանսական շուկան կարգավորող BaFin-ի նախագահ Մարկ Բրենսոնն ասել է, որ չմիջամտելու մոտեցումը, որը «պարզապես թույլ է տալիս ոլորտին զարգանալ որպես մեծահասակների համար խաղահրապարակ», սխալ մարտավարություն է: «Մենք տեսել ենք ինքնակարգավորվող աշխարհ։ Դա չի ստացվի»,- ասել է Բրենսոնը լրագրողներին։

Նրա հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ դատախազությունը FTX կրիպտոարժույթի բորսայի հիմնադիր Սեմ Բենքման-Ֆրիդին մեղադրել է միլիարդավոր դոլարներ յուրացնելու եւ քարոզարշավի օրենքները խախտելու մեջ, ինչը նկարագրվել է որպես Ամերիկայի ամենամեծ ֆինանսական խարդախություններից մեկը:

Բրենսոնն ասել է, որ «կրիպտոգարունը» կարող է հաջորդել «կրիպտոձմռանը», սակայն ստեղծվող ոլորտը, հավանաբար, ավելի շատ կապեր կունենա ավանդական ֆինանսների հետ՝ ավելի մեծացնելով կարգավորման անհրաժեշտությունը: «Եկել է կրիպտոարժույթի լուրջ կարգավորման ժամանակը»,- ասել է նա: «Ամենակարեւոր պահն այն է, որ մեզ պետք է ոչ միայն եվրոպական լուծում: Մեզ գլոբալ լուծում է պետք»։

Գերմանիան բանկերի համար կրիպտոարժույթների հետ աշխատելու լիցենզիա է պահանջում։

Եվրամիությունն աշխատում է Կրիպտոակտիվների շուկաների մասին նոր կանոնակարգի (MiCA) վրա, որը ոմանց, այդ թվում՝ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդի խոսքով՝ պետք է ընդլայնել ապագայում եւ անվանել «MiCA 2»: