ԵՏՄ-ում ՀՆԱ 4,5 տոկոս աճը ընթացիկ տարվա ինն ամսում հիմնականում հնարավոր դարձավ այդ թվում շնորհիվ նաեւ այն առավելությունների, որոնք ապահովում է եվրասիական ինտեգրումը։ Այս մասին Երեւանում, Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում նոյեմբերի 19-ին ասաց Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։

«Սակայն պետք է նշել նաեւ, որ այդ շրջանում մենք 24 տոկոսով ավելացրել ենք ներմուծումը երրորդ երկրներից, դա մոտ 27 մլրդ դոլար է։ Կարծում եմ, որ այդ արտաքին գնումների զգալի մասը կարելի էր փոխարինել փոխադարձ առեւտրով Միության ներսում։ Այս առնչությամբ ես կառաջարկեի պատրաստել համապատասխան տեղեկանք երրորդ երկրներից ներմուծման մասին եւ ի հաշիվ Միությունում ներքին մատակարարումների զարգացման այն փոխարինելու վերլուծություն։ Համոզված եմ, որ այստեղ մենք կարող ենք էական պահուստներ գտնել»,- ավելացրեց նա։

Գոլովչենկոն նշեց, որ համավարակի հետեւանքով արդի աշխարհում ինտենսիվ զարգացում է ստացել ապրանքների էլեկտրոնային առեւտուրը։

«Կա գնահատական, որ 2025թ. ռիթեյլ-առեւտրի մոտ մեկ երրորդը կիրականացվի էլեկտրոնային առեւտրի միջոցով, ուստի նպաստավոր միտումների ձեւավորումը ԵՏՄ-ում ինտերնետ-առեւտրի զարգացման համար եւ ոլորտում չարաշահումներ թույլ չտալը չափազանց կարեւոր են Միության համար։ Անմաքսատուրք ապրանքների ներկրման նորմերի աստիճանական նվազումը եւ հավասարեցումը չափազանց կարեւոր են։ Հարցի վերաբերյալ դրական որոշում ընդունելը հավասար պայմաններ կստեղծի Միության բոլոր երկրներում ինտերնետ-առեւտրում ապրանքների ներկրման համար եւ լրացուցիչ խթան կհանդիսանա այս ուղղությամբ զարգանալու համար»,- ընդգծեց Բելառուսի վարչապետը։